Սասուն Միքայելյանը կրկնում է նախկին իշխանությունների քայլը
Ի հեճուկս ԵԿՄ նախագահ դառնալու մասին լուրերը հերքելուն, Սասուն Միքայելյանը դարձել է այդ կառույցի ղեկավար։ Այս արարքը հիշեցնում է մեկ այլ քաջ հայտնի պատմություն՝ կապված Սերժ Սարգսյանի հետ։
Օրերս Երկրապահ կամավորական միության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը։
Թեև մամուլում վաղուց էին շրջանառվում նրա՝ ԵԿՄ նախագահ դառնալու մասին լուրերը, սակայն Սասուն Միքայելյանը համառորեն հերքում էր դրանք, հիշեցնում է fip.am-ը:
Դեռևս նախորդ տարի՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Սասուն Միքայելյանն ասել է, որ իրեն խնդրեն էլ, աղաչեն էլ ԵԿՄ նախագահ չի դառնա․ «Շրջանառության մեջ են դրել, որ Միքայելյան Սասունը դառնալու ա ԵԿՄ նախագահ, նման բան Միքայելյան Սասունի մտքով ոչ անցել ա, ոչ էլ կանցնի․․․ ես, իմ գործունեությունը, չպիտի Երկրապահի նախագահ լինեմ, որ անեմ»,- մասնավորապես, ասել էր ԱԺ պատգամավորը:
Սակայն, ինչպես ցույց տվեց գործողությունների ընթացքը, Սասուն Միքայելյանը, այնուամենայնիվ, դարձավ ԵԿՄ նախագահ՝ միաձայն ընտրվելով այդ պաշտոնում։ Ավելին, Միքայելյանը նշել է, որ վայր կդնի ՔՊ վարչության նախագահի լիազորությունները։
Ուշագրավ է, սակայն, որ ՀՀ պաշտոնյաների՝ իրենց հետագա պաշտոնավարումների վերաբերյալ հակասական հայտարարություններն ավանդական դառնալու միտում ունեն։
Բոլորը, թերևս, հիշում են, որ 2014 թվականին սահմանադրական բարեփոխումների քննարկումների ժամանակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, իսկ եթե անցում կատարվի պառլամենտական կառավարման մոդելին, ապա նա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին․ «․․․Վստահ եմ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սարգսյանը։
Թե ի՞նչ իրադարձություններ հետևեցին Սերժ Սարգսյանի այս հայտարարություններին՝ քննարկման բոլորովին այլ թեմա է, սակայն հարկ է արձանագրել, որ իրենց հետագա գործունեության վերաբերյալ պաշտոնատար անձանց հայտարարությունները միշտ չէ, որ պետք է «հալած յուղի պես» ընդունել, եզրափակում է fip.am-ը:
Կարինե Կիրակոսյան