Սիրանուշ Սահակյան․ «Առնվազն 20 նոր ռազմագերի ունենք»
«Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի հետևանքով առնվազն 20 նոր ռազմագերի ունենք, թեև այս պահին կարողացել ենք նույնականացնել 10-ին»․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Օրեր առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից միջպետական գանգատ է ներկայացվել անհապաղ միջոցների համար, որտեղ այս պահին դեռևս մեկ նույնականացված անձի տվյալ է ներկայացվել։ Մեր հաշվարկներով՝ ռազմագերիների թիվը երկու տասնյակ է, սակայն աշխատանքները շարունակվում են, հույս ունենք՝ առաջիկա օրերին հստակ թիվ ու անուններ կունենանք»։
Սահակյանի խոսքով՝ նույնականացված բոլոր անձանց մասով ներկայացվում է անհատական գանգատ, որը լրացնում է միջպետական գանգատը։ «Բոլոր այն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն նաև Կարմիր խաչին։ Անձի մասին որևէ տեղեկություն չունենալու դեպքում ևս պետք է այդ տեղեկությունները փոխանցվեն Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին»,- հավելել է Սահակյանը։