«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Թալինում «Հայքը» հրաժարվում է ավագանու մանդատներից

Թալինում «Հայքը» հրաժարվում է ավագանու մանդատներից

Թալին խոշորացված համայնքում ավագանու 3 մանդատ ստացած «Հայք» կուսակցությունը հրաժարվում է իր մանդատներից։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում հայտարարել է կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանը։
«Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից։ Թեկնածուները կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ»,- գրել է Գրիգորյանը։

Հիշեցնենք` ՏԻՄ ընտրություններից հետո` դեկտեմբերի 7-ին, Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած ու ավագանու մանդատներ ստացած 3 քաղաքական ուժերը՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունն ու «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը հայտարարել էին, որ որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով և Թալին համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրելու ու պաշտպանելու են «Հայքի» ներկայացուցչին:

Այսօր, սակայն, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ իրենց թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Թալինի բաժին:

«Իշխանությունը փորձում է ռեպրեսիվ միջոցներով միջամտել ՏԻՄ ձևավորմանը.
Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է ավելի քան 26 տոկոս քվե:
Այսօր, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Թալինի բաժին:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը չներքաշվել քաղաքական ճնշումների գործընթացի մեջ և կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրենց գործառույթները:
Այս խախտումներն արձանագրվելու են և ներկայացվելու են պատկան կառույցներին», նշված է հայտարարությունում:

Նշենք, որ Թալին խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր ընտրողների ձայների 46,63%–ը, իսկ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունն ու «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը միասին` 53,37 տոկոսը։ Այսինքն` կոալիցիա կազմելու դեպքում ռեալ շանսեր ունեին ստանձնելու համայնքի իրական ղեկավարումը։

Հիշեցնենք, որ 3 ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայները ստացել էր «Զարթոնքը»` 2882 քվե կամ 26,68%, երկրորդ տեղում «Հայքն» էր` 1624 քվե կամ 15,04%, երրորդը` «Մեր համայնքը»`1258 քվե կամ 11,65%։