«Առանց հանրային դիսկուրսի, ժողովրդավարությունը լավ կազմակերպված միջոցառում է»
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի
ԿՈՆՏԵՔՍՏԻՑ ԴՈՒՐՍ
Ամուլսարի հարց իրականում չկա։ Կա երկընտրանք. ունենա՞լ Հայաստանում հանքարդյունաբերություն, թե՝ ոչ։ Իսկ եթե ավելի ընդհանրացնենք, պետք է քննարկել բնության հաշվին փող շինելու՝ ընդունելի կամ անընդունելի լինելու հարցը։ Այսինքն՝ միայն եւ բացառապես Լիդիանին չդիտարկել որպես կապիտալիզմի ուրվական, այլ խոսել նաեւ մանր-մունր հանքերի, խողովակասուն ՀԷԿ-երի, ձկնորսության եւ որսորդության էթիկական նորմերի, Սեւանի ափերն օբյեկտներով աղճատելու եւ նման այլ հարցերի շուրջ։
Մինչ այդ, սակայն, պետք է մտածել ժողովրդավարության մասին՝ չբավարարվելով ընտրությունների ազատության եւ անկեղծության փաստով։ Լավ է, անշուշտ լավ է, որ ընտրություններն այլեւս չեն կեղծվում, բայց լավ չէ, որ ընտրելու բան չկա։ Ամենեւին նկատի չունեմ քաղաքական մեկ ուժի հանկարծահաս եւ ահագին վերելքը։ Խոսքս բովանդակության մասին է, որը զսպված է ձախ աչքի՝ «մենք ամեն ինչ գիտենք» կամ «մենք մի բան գիտենք, որ դուք չգիտեք» թարթումով։
Առանց հանրային դիսկուրսի, ժողովրդավարությունը լավ կազմակերպված միջոցառում է՝ Վարդավառին գորգ լվանալու կամ տուրիստների համար գիդություն անելու պես։ Եթե այսպես շարունակվի, այդ միջոցառման գլխավոր հերոսները միշտ լինելու են հակալիդիանիստները, հակաստամբուլիստները, աղբի բուրգերի հետ սելֆի անողները, որոնք բոլորն էլ ուզում են հաղթել՝ առանձին-առանձին եւ կոնտեքստից դուրս։