Թշնամին կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 17-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօրվա ընթացքում ՊՆ-ն 3 անգամ հերքել է Ադրբեջանի տարածած լուրերը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, նման հաղորդագրություններ տարածելով, տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են ՀՀ ԶՈւ-ի դիրքերի ուղղությամբ։