Վահե Գրիգորյան. Ես չեմ գնում հին ավանդույթները շարունակելու
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում ես երդում չեմ տալիս, որ լինեմ որեւէ խմբավորման ներկայացուցիչ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ նիստից հետո ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը․
«Դուք հիշում եք՝ անցած տարի ՍԴ դատավորի թեկնածուներից մեկի ընտրության քննարկման ժամանակ ողջ կոնտեքստը վերաբերում էր այն հարցին, որ մենք ձեզ գործուղում ենք, ամենօրյա կապի մեջ կլինեն։ Սա բացառվում է իմ դեպքում։ Եւ ես նախապես իմ բոլոր նախկին եւ գործող վստահորդների հետ քննարկել եմ այս հարցը, որ չեմ գնում հին ավանդույթները շարունակելու համար»։
Անդրադառնալով պնդումներին, թե ինքը կոնկրետ քաղաքական հայացքներ ունի, իսկ Սահմանադրական դատարանն ապաքաղաքական կառույց է, Վահե Գրիգորյանը նշեց
«Հայաստանում չկա մարդ, որ չունենա քաղաքական հայացքներ։ Քաղաքական հայացք չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ՝ դատավորի համար։ Այլ հարց է՝ որքանով են այդ հայացքներն ազդում արդարադատության իրականացման վրա։ Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, ես դա բարձրաձայնել եմ։ ՍԴ-ն ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ ՍԴ-ն ապաքաղական մարմին է, կներեք, էս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է»։