Վահրամ Աթանեսյան. Ձեր բացահայտումները չեն վերադարձնի հազարավոր զոհերին, բայց կկանխեն հետագա փորձությունները
Գործով զբաղվեք, պարոնայք պատգամավորներ Հայոց Արեւելից Կողմանց Աշխարհի խորհրդարանի․ Սեյրան Հայրապետյանը զարհուրելի իրողության մասին խոսեց․ ապրիլյան քառօրյայից հետո պաշտոնատար անձինք եւ նրանց զավակները դուրս են գրվել Արցախում զինվորական հաշվառումից, հաշվառման կանգնել Հայաստանի զինկոմիսարիատներում, բայց շարունակել են բնակվել Արցախում, նույնիսկ պետական պաշտոն զբաղեցնել։
Ինչու՞ չստեղծել քննիչ հանձնաժողով, այս իրավունքը ԱԺ-ին տրված է սահմանադրությամբ եւ չպարզել, թե որտեղի՞ց է սկսվել այդ գործընթացը, ովքե՞ր են ներգրվված եղել, ի՞նչ շահ են հետապնդել գործարք իրականացնողները, ովքե՞ր են «թաթախված» այդ գործում։
Սարսափելի է պատկերացնել, որ մեզանում, մեր կողքին եղել են մարդիկ, որ դեռեւս 2016թ․-ին են տեղյակ եղել մի X պահի, բայց անխուսափելիորեն սկսվելիք պատերազմի, դրա աղետալի չափերի մասին, կարողացել են կարգավորել իրենց անձնական ապահովության հարցը, բայց, երեւի, ամենաբարձրն են «ոչ մի թիզ հող թշնամուն» գոռացել։
Ձեր բացահայտումները չեն վերադարձնի հազարավոր զոհերին, բայց կկանխեն հետագա հնարավոր փորձությունները։ Հաստատ։
2000-2015 թվականներին Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյան