«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Վանեցյանի ասուլիսն անցավ  առանց ուղիղ հեռարձակման

Վանեցյանի ասուլիսն անցավ  առանց ուղիղ հեռարձակման

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցի գործով որպես վկա հարցաքննվել է ԱԱԾ-ում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ այս դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 190 հոդվածի հատկանիշներով (փողերի լվացում) և քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ չկան։

Վանեցյանը դատապարտում է իրավապահներին կողմից լրատվամիջոցներ այցելությունները

«Դատապարտում եմ ցանկացած արարք, որը կբերի ազատ խոսքի սահմանափակմանը, դատապարտում եմ ցանկացած արարք, որով կփորձեն ներազդել ցանկացած ԶԼՄ-ի վրա, որն ուղղված է ԶԼՄ-ներին լռեցնելուն, վախեցնելուն։ Պատրաստ ենք, ցանկացած նման դեպքում կանգնել մեր ԶԼՄ-ների կողքին և  օրենքով տրված լիազորություններով պաշտպանել ձեզ բոլորիդ»,- ասաց նա։

Վանեցյանը առաջարկ չի ստացել

Անդրադառնալով իր պաշտոնավարման հետ կապված լրագրողների հարցին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ ինքը շարունակում է աշխատել, որպես ԱԱԾ տնօրեն:

«Հուսով եմ, որ դեռ կշարունակեմ պաշտոնավարել որպես ծառայության տնօրեն և իմ ծառայությունով օգուտ բերել Հայաստանին: Ինձ հետ ոչ ոք չի խոսել իմ աշխատանքի փոփոխության հետ կապված, որևէ առաջարկ քաղաքական ղեկավարության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանից չեմ ստացել և ես շարունակում եմ իմ գործունեությունը որպես ԱԱԾ տնօրեն»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Գաղտնալսման մասին

«Եկեք գաղտնալսման   թեմայով խոսեմ եւ այն փակենք»,– ասում է ԱԱԾ տնօրենը։ Ինքը համոզված է, որ շուտով գաղտնալսողները պատասխան կտան, իսկ ինքը կասկածվող շրջանակի մասին չի ասի, քանի որ ընթանում է նախաքննություն։
Նա փորձագետների միջոցով կարողացել է վերականգնել իր խոսակցությունները և մտահոգվելու առիթ չունի։

«Որևէ միտք գաղտնալսված խոսակցության մեջ,որի համար  կարող եմ ամաչել և բացասական ազդեցություն ունենա, չկա»,– ասում է նա՝ ընդգծելով՝  հրապարակվածը մոնտաժված է։ Վանեցյանը հավաստում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի հետ չի խոսել և չի ճանաչում։ 

Ո՞վ է Զեմֆիրա Վանեցյանը

Այս հարցը տրվում է ԱԱԾ տնօրենին՝  նախաբանով, որ այդ կինը բիզնես ունի օֆշորային գոտում, և նա Արթուր Վանեցյանի հորեղբոր կինն է։ Արթուր Վանեցյանն ասում է՝ այո, իր ազգականն է, բայց ճշտում պետք է անել։ Բիզնեսը պատկանում է հորեղբոր որդուն՝ Կարենին, ով բնակվում է ԱՄՆ–ում և թավշյա հեղափոխությունից հետո է ստացել ՀՀ քաղաքացիություն։ Նա հիմա Երևանում է։ Արթուր Վանեցյանը նույնիսկ նրան առաջարկել է գալ այս ասուլիսին՝ վստահ, որ այս հարցը լինելու է։ Նա, սակայն, չի եկել։ «Իսկ ես բիզնես չունեմ»,– վստահեցրեց նա։

Սպասվում են նոր բացահայտումներ

«Պետության վնասը փոխհատուցելու դեպքում ես կողմնակից եմ, որ անձը ազատ արձակվի»,– ասում է ԱԱԾ տնօրենը։ «Ի՞նչ է մեզ տալիս՝ տնտեսական հանցագործություն անողին բանտում պահելը, եթե փոխհատուցել է»,– շարունակում է նա։ Իրենք արդեն 19 մլդ դրամի պետությանը հասցված վնաս են հայտնաբերել, որից 13 մլդ արդեն  վերադարձվել է բյուջե։ Ներկայումս ստուգվում են 216 մլդ դրամ գործարքների օրինականությունը, և արդեն, ըստ նրա, հիմնավորված ապացույցներ կան պետությանը հասցված վնասի մասին։ Նա սա ասաց Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ հարցին ի պատասխան։ Արմեն Ավետիսյանը գործով կարգավիճակ ունի, հատկապես որ «Գոլդեն Փալաս » հյուրանոցը օֆշորային գոտում գրանցված էր նրա որդու անունով։ Չի բացառվում, որ գործը կարճվի՝ օրենքին համապատասխան վնասի վերականգնման հիմքով։

Շահնազարյանին պարզապես հրավիրել են

Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին և ԱԱԾ հրավիրվելուն, ասում է, որ իշխանության համար Արցախը վաճառելու մեղադրանքը հիմք է, որ իրենք արձագանքեին։ «Դա դավաճանության մեղադրանք է Փաշինյանին ,– ասում է նա։ - Շահնազարյանը մեղադրեց, ապա հետագայում փոխեց խոսքը՝ ասելով, որ այդ քաղաքական հայտարարություն է արել»։

Վանեցյանի ասուլիսն անցավ  առանց ուղիղ հեռարձակման

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հոգացել էր, որ Վանեցյանի ասուլիսն անցնի առանց ուղիղ հեռարձակման: «Մենք կնկարենք՝ տեսանյութը կտանք ձեզ»,- լրագրողների համառ պնդումներին՝ ասուլիսը ուղիղ հեռարձակել, այսպես էին պատասխանում ԱԱԾ պաշտոնյաները։ Հարցին՝ ի՞նչ խնդիր է լուծում ԱԱԾ-ն թույլ չտալով հեռարձակել ասուլիսը, Արթուր Վանեցյանն ասաց, թե առանց դրա շփումն առավել անկաշկանդ կլինի։