Վանո Կարապետյանը՝ ԿԳՄՍՆ-ի հերթական խնդրահարույց որոշման մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել` ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր նախագիծ:
Ըստ նախարարության հիմնավորման` «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունումը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց ևս կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալու անհրաժեշտությունից:
Այսինքն` ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող բայց հանրակրթական ուսումնական հաստատություններում չաշխատող մասնագետներին ևս անցնել կամավոր ատեստավորում և ուսուցչի աշխատանքի ընդունելու դեպքում` 5 (հինգ) տարի ժամկետով ստանալ հավելավճար։ Սակայն այդ հավելավճար ստանալու ժամանակահատվածը կհաշվարկվի հենց ատեստավորումը բարեհաջող անցնելու օրվանից իսկ փաստացի հավելավճարը կտրամադրվի աշխատանքի ընդունման օրվանից։
Միաժամանակ, «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը կարող է չտարածվել այն անձանց վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և բավարար արդյունքի դեպքում կունենան դրույքաչափի փոփոխություն, որով նաև հնարավորինս կմեղմվի հաստատություններում թափուր տեղեր առաջանալու ռիսկը:
Այսինքն` ԿԳՄՍ նախարարությունը միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին երկընտրանքի առջև է կանգնեցնում` պարտադրված անցնել կամավոր ատեստավորում, ստանալ հավելավճար և ևս 5 (հինգ) տարի շարունակել աշխատել որպես ուսուցիչ կամ 2023 թվականի օգոստոսի 20-ից ազատվել աշխատանքից և դառնալ գործազուրկ։ Ըստ ԿԳՄՍ նախարարության` 3-րդ տարբերակ չկա և չի կարող լինել։ Բանն այն է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին, ովքեր «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն՝ չեն համապատասխանում նշված օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը։
Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ևս սահմանվել է գործընթացի կարգավորման լիազորող նորմ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 16-ի 351-Լ որոշման «Հանրակրթական հաստատություններում որակյալ ներառական կրթության ապահովման մեխանիզմների ներդրում» բաժնի 2.2.5 միջոցառման կատարման անհրաժեշտությունը:
Այսինքն` ԿԳՄՍ նախարարությունը Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանկավարժական աշխատողներին ևս կամավոր ատեստավորման միջոցով` համապատասխան արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճար ստանալու հնարավորություն է ընձեռում` 5 (հինգ) տարի ժամկետով։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հարց նախարարությունը` եթե նախարարությունը գնում է կամավոր ատեստավորման ինստիտուտի ներդրման շրջանակի ընդլայնման ուղղությամբ ապա ինչո՞ւ նմանօրինակ հնարավորություն չի ընձեռում նաև հանրակրթական դպրոցներում աշխատող մյուս մանկավարժական աշխատողների համար։ Օրինակ` լաբորանտի, ուսուցչի օգնականի, գրադարանավարի, սոցիալական մանկավարժի կամ հոգեբանի համար։ Իսկ գուցե նախարարությանը չի հետաքրքրո՞ւմ այն պարզ ճշմարտությունը, որ վերջիններս ստանում են բառի բուն իմաստով կոպեկներ` ամիսը սկսած 30 հազար ՀՀ դրամից մինչև 100 հազար ՀՀ դրամ «աղքատավարձ»։
Հաջորդ կարևորագույն հանգամանքը այն է, որ սին են նախարարության այն ռոմանտիկական ժանրի հիմնավորումները թե իրենք այս գործիքի կիրառմամբ կբարձրացնեն գրավչությունը ուսուցչի մասնագիտական գործունեության վերաբերյալ։ Ցավոք սրտի մոտիվացիա չի ձևավորվի բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող բայց ուսուցիչ չաշխատող մասնագետների շրջանում մասնակցելու կամավոր ատեստավորմանը, քանի-որ հավելավճար ստանալու ժամանակահատվածը կհաշվարկվի հենց ատեստավորումը բարեհաջող անցնելու օրվանից իսկ հավելավճարը կտրամադրվի աշխատանքի ընդունման օրվանից։ Օրինակ` անձը կամավոր ատեստավորման գործընթացը անցել է 2023թ. սեպտեմբերի 1-ից իսկ աշխատանքի է ընդունել 2026 թվականին սեպտեմբերի 1-ին ապա այդ դեպքում անձին հավելավճար ստանալու ժամանակահատվածը կհաշվարկվի 2023 թվականից սեպտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը իսկ փաստացի հավելավճարը կստանա 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը։ Կամ եթե անձը չի աշխատում ու աշխատանքի ընդունելու ժամանակ որևէ առավելության չի ստեղծում կամավոր ատեստավորմանը ապա հիշյալ չափորոշիչներին համապատասխանող անձիք ինչո՞ւ պիտի անցնեն կամավոր ատեստավորման բարդագույն ու գրեթե ոչինչ չտվող գործընթացը։
Իսկ միջին մասնագիտական կրթության ունեցող ուսուցիչներին կամ-կամի առջև կանգնեցնող բոլոր տեսակի իրավակարգավորումները ես ոչ մի կերպ չեմ ընդունում։
Ուսուցչի մասնագիտական հմտություններն ու կարողությունները պայմանավորված չեն կարող լինել նրա միջին կամ բարձրագույն մասնագիտական որակավորում ունենալու հանգամանքով։
Վանո Կարապետյան
Կրթության հարցերով անկախ փորձագետ