Վանո Սիրադեղյանի աճյունն ամփոփել Կոմիտասի անվան պանթեոնում. ստորագրահավաք (տեսանյութ)
Վանո Սիրադեղյանը հայ գրականության նախորդ դարի ամենաինքնատիպ արձակագիրներից է, որն առանձնանում է միայն իրեն բնորոշ յուրօրինակ ոճով, բառարվեստով, զգացականությամբ։ Նոյեմբերի 13-ին կլրանար պետական գործչի և գրողի 75-ամյակը:
Ընթերցողին հայտնի են Սիրադեղյանի «Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» և «Երկիր։ Ցպահանջ» ժողովածուները, որոնցով հեղինակն ամրագրել է իր առանձնահատուկ տեղն ու դերը հայ գրականության պատմության մեջ։
«Դուռը» ժողովածուն իր մեջ ներառում է անվանի արձակագրի՝ նախորդ բոլոր գրքերով լույս ընծայած պատմվածքները՝ այդպիսով դառնալով նրա գեղարվեսական արձակի առաջին համահավաք ժողովածուն։
«Դուռը» գրքի շնորհանդեսը կազմակերպվում է «Վանո 75» հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակում։
Շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 20։00 Մատենադարանի Գիտական համալիրի դահլիճում:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունը տարածվելուց երկու օր հետո՝ Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։
Մենք միանում ենք ՀԱԿ-ի և ՀՀ հասարակության պահանջին. Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած պետական-քաղաքական գործիչ, մեծանուն գրող Վանո Սիրադեղյանի աճյունը պիտք է ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում` որպես նրա անձի և վաստակի իրական գնահատական և հարգանքի տուրք։