«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. «Ինչո՞ւ Փաշինյանն այդպես վարվեց»

Վարդան Հարությունյան. «Ինչո՞ւ Փաշինյանն այդպես վարվեց»

Ալիք Մեդիա. «...Թվում էր՝ իշխանության գալով Փաշինյանը պետք է ջանք թափեր ու դուրս բերեր բանակցությունները փակուղուց։ Երկրի ներսում ունեցած վստահության հսկայական պաշարը նրան թույլ էր տալիս գնալ համարձակ լուծումների։ Բայց նա այդ հնարավորությունից օգտվել չցանկացավ։ Հակառակը, մաքսիմալիստական պահանջներ առաջ քաշելով, փակուղում գտնվող բանակցային գործընթացն էլ ավելի խոր փակուղի խցկեց ու, վերջին հաշվով, հանգեցրեց մեզ պատերազմի ու պարտության։

Ինչո՞ւ նա այդպես վարվեց։

Ողջ այս ընթացքում հիմնականում շրջանառվել է այն տեսակետը, ինքս էլ այս մասին հաճախ գրել եւ խոսել եմ, թե Փաշինյանը, պոպուլիզմին տուրք տալով, ցանկացավ երկրի ներսում խրոխտ ու անզիջում երեւալ, մեծ էր ծափահարություններ կորզելու մոլուցքը։ Թե, չունենալով բանակցողի հմտություններ, առաջ էր քաշում անիրականանալի պայմաններ, փորձում էր ջնջել իրենից առաջ եղած բանակցային ընթացքը, թե բավականաչափ հեռատես ու շրջահայաց չէր։

Ողջ ասվածն, իհարկե, հիմնավոր է։ Սրան զուգահեռ, սակայն, պետք է դիտարկվի նրա վարքագծի մեկ այլ՝ ոչ պակաս հիմնավոր շարժառիթ, որը, բոլորովին չբացառելով նախորդ ասվածը, պատկերն ավելի կամբողջացնի։ Կբացատրի, թե ինչու, այնուամենայնիվ, Փաշինյանը եղավ այդպիսին։ Ինչո՞ւ արեց հատկապես այդ քայլերը։ Քայլեր, որոնք մեզ պատերազմի ու պարտության հանգեցրին։

Եթե հետհայացք նետենք նրա անցած ուղուն, հատկապես 2015-ից այս կողմը ընկած հատվածին, ապա պարզ կդառնա, որ Փաշինյանը պետք է միայն այդ ճանապարհով գնար։ Ի սկզբանե այլ ճանապարհ իր համար նա չէր էլ նախատեսել։ Նա պետք է գնար մաքսիմալիզմի, հակամարտության սրման, բանակցություններն էլ ավելի խոր փակուղի մտցնելու եւ, ըստ էության, պատերազմի հրահրման ճանապարհով։ 2015-2016 թվականներից նա հստակ հանդես էր գալիս ոչ մի թիզ թշնամուն կարգախոսով եւ փոխզիջումներ նախատեսող բանակցությունների մերժմամբ, քանի Ադրբեջանը չի հայտարարել, որ ճանաչում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։

Թվարկված ու բոլորին հայտնի պոպուլիզմին, բանակցողի հմտությունների բացակայությանը, անպատասխանատվությանը, անհեռատեսությանը, մակերեսայնությանը եւ սնապարծությանը պետք է գումարել այն, որ երկրի վարչապետ դառնալով՝ նա որոշեց Ղարաբաղի հարցում շարունակել 2015-2018 թվականների ընդդիմադիր գործիչ Փաշինյանի որդեգրած գիծը։

Չհասկացավ ընդդիմադիր գործչի եւ պետության առաջին դեմքի տարբերությունը։ Չհասկացավ՝ այն բառապաշարը, որ օգտագործում էր որպես ընդդիմադիր գործիչ, պետության առաջին դեմքի դեպքում անթույլատրելի է ու վտանգավոր։ Չկարողացավ հասկանալ, որ պետության առաջին դեմքի սադրիչ հայտարարություններն անընդունելի են բանակցային գործընթացում ներգրավված երրորդ կողմի՝ միջազգային հանրության համար, իսկ երկրորդ կողմին՝ Ադրբեջանին, պատերազմով հարցը լուծելու հնարավորություն են ընձեռում։

Արդյունքում տարավ երկիրը պատերազմի...

Չգիտեր, որ չի կարելի անել այնպես, ինչպես արել է։ Այսօր էլ չգիտի, որ չի կարելի անել այնպես, ինչպես անում է։ Չգիտի, այդ պատճառով էլ նորանոր կորուստներ ենք արձանագրում ու նոր վտանգների շեմին ենք։

Վարդան Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում