Վարդան Հարությունյան. «Ուսապարկը միշտ է հնազանդ»
aliqmedia.am. «...Հայտնի չէ, թե այսօրվա երիտասարդ պատգամավորներն ինչ կապանքներով են կապված, բայց որ նրանք նախկիններից ավելի են կաշկանդված եւ մշտապես կույր հնազանդություն են դրսեւորում՝ անկասկած է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը, երբ իրենց առաջնորդի ուսապարկն ու իրենց պառլամենտական թիմի անդամներին նույնացնում էր՝ գիտեր ինչ է ասում, ինչու է ասում եւ, անկասկած, ճիշտ էր։
Եթե դու քաղաքական գործիչ ես ու պատգամավոր՝ ունես քաղաքական ծրագրեր, քո ծրագրերն ու գաղափարներն իրագործելու նպատակ եւ եթե կշեռքի մի նժարին դրված են առաջնորդի-շեֆի-ֆյուրերի-պարագլխի (տարբեր թիմերում տարբեր կերպ են անվանում) ամբիցիաները, նրա պահանջները, նրան տրված անձնական հավատարմության խոստումը, իսկ մյուս նժարին՝ գաղափարներդ ու ծրագրերդ են, եթե առաջնորդդ եւ թիմդ հընթացս փոխել են ուղղությունը, գնում են բոլորովին այլ ուղղությամբ, հավատարիմ չեն այն խոստումներին ու ծրագրերին, որոնցով պառլամենտ են մտել ու իշխանություն ստացել, ապա դու, եթե ուսապարկ չես, եթե քեզ քաղաքական գործիչ ես համարում, եթե, վերջին հաշվով, մարդ ես եւ ունես արժանապատվություն ու սկզբունքներ, պետք է կամք դրսեւորես ու կաշկանդող կապանքներից ազատվես։
Իսկ եթե քաղաքական գործիչ չես, եթե չունես քաղաքական ծրագրեր ու պատկերացումներ, եթե նպատակդ պատահական հնարավորությունից օգտվելն է՝ բարձր աշխատավարձ, պարգեւավճար, ամբիցիաներ, ապա, իհարկե, ինչ էլ լինի՝ կմնաս թիմում։
Կարեւոր էլ չէ, թե ի՞նչ թիմ է, ովքե՞ր են այդ թիմում, ի՞նչ ուղղություն են ընտրել, ի՞նչ արագությամբ են շեղվում նախանշված ուղուց։ Քեզ ստիպելու ու հնազանդեցնելու կարիք անգամ չկա։ Դու ուսապարկ ես։ Հնազանդ ես ի սկզբանե։
Ոչ ոք դեռ անհնազանդ ուսապարկ չի տեսել։ Ոչ ոք չի տեսել, թե ինչպես է ուսապարկն՝ իր անհամաձայնությունը հայտնելով՝ քիթը ցից՝ հեռանում տիրոջից։ Չի եղել նման բան ու, վստահաբար, չի էլ լինելու»։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան
Ամբողջական՝ aliqmedia.am-ում