Վաշինգտոնը պատրաստ է Երևանին և Բաքվին օգնել համապարփակ խաղաղություն հաստատելու գործում
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Նեդ Փրայսն ապրիլի 14-ին ասել է, թե Վաշինգտոնը պատրաստ է Երևանին և Բաքվին օգնել համապարփակ խաղաղություն հաստատելու գործում՝ այդ թվում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջոցով, որ օգնի երկու պետություններին հասնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղության:
«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի հասնելու գործընթացի խթանմանը։ Մենք ողջունել ենք ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, խաղաղ բանակցություններին և սահմանազատման գծով երկկողմ հանձնաժողովի ձևավորմանը նախապատրաստվելու դրական դինամիկան: Ինչպես բրյուսելյան հանդիպման նախօրեին՝ ապրիլի 5-ին երկու լիդերների հետ զրույցներում նշել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մենք շարունակում ենք խրախուսել խաղաղությանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի հետագա բանակցությունները», - ասել է Փրայսը: