Վիրավորում ստացած անձինք կստանան միանվագ 500․000 դրամ
Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ նախագծով առաջարկվում է պատերազմի ժամանակ վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500 հազար դրամի չափով՝ բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների: Վերջիններս արդեն ստանում են ֆինանսական աջակցություն:
Նախարարն ընդգծեց, որ այստեղ ներառված են բոլոր անձինք, ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլև աշխարհազորայինները, կամավորականները:
«Նպատակն այն է, որ թեև որոշ անձանց մոտ վիրավորումները թեթև են եղել, սակայն այդ անձինք նաև որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության հետ կապված խնդիր են ունեցել: Ըստ այդմ, շահառու կհանդիսանան մոտ 6000 քաղաքացիներ: Իսկ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների թիվը չի գերազանցում հազարը: Այս պահի դրությամբ արդեն 200 անձ անցել է բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել հաշմանդամության խումբ: Ամպուտացված անձանց թիվը չի գերազանցում 120-ը, որոնք անհրաժեշտություն են ունենալու պրոթեզավորման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ առնվազն 10 օրից մարդիկ կկարողանան ստանալ իրենց գումարները:
Շահառու է համարվում վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի/կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
1. Միջոցառման նպատակն է` սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին (այսուհետ՝ շահառու):
2. Սույն միջոցառման շրջանակում շահառու է համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:
3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուին 500 000 դրամի չափով։
4. Սոցիալական աջակցության գումարը տրամադրվում է դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
5. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը: