Վլադիմիր Կարապետյան. Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել, բոլոր նախատեսված հանդիպումները կայացել և կայանում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե ՀՀ վարչապետը ընդհատելու է Ղազախստան կատարած աշխատանքային այցը:
«Նման բան չկա: Օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են և ընթացքի մեջ են: Այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանում ապրող հայ գործարարների հանդիպումը: Քննարկվում են տարբեր ներդրումային ծագրեր, գործարար ակտիվության հետ կապված հարցեր »,-ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ նիստին ծրագրավորված բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել, փաստաթղթերը ստորագրվել են: Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Երևանում՝ հոկտեմբերի 1-ին: Հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությամբ հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դրան հաջորդել է պաշտոնական ճաշը:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվում է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգի շրջանակում 2018թ. ԵԱՏՄ միջազգային գործունեությանը, երրորդ երկրների հետ համագործակցության զարգացմանը, 2019-2020թթ. Միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականությանը, ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը, ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ իրականացված քայլերին վերաբերող և մի շարք այլ հարցեր են: