Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները Հայաստանում են
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Օլսոնը, Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին մասնակցեցին հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին, որը տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։
Անցած տարի նոր կորոնավիրուսի պատճառով այս համաժողովը չկարողացանք անցկացնել, սակայն ուրախ ենք վերականգնել տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի մեր գործընկերների հետ հավաքվելու, մտքեր, գաղափարներ և տեղեկություններ փոխանակելու այս վաղեմի ավանդույթը։ Նախքան նոր կորոնավիրուսի համավարակը այսօրինակ համաժողովներ կազմակերպվել են Բաքվի և Թբիլիսիի ԱՄՆ դեսպանատներում՝ համապատասխանաբար 2019 և 2018թթ․։
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին ընդառաջ՝ մենք ընդգծում ենք, որ հանձնառու ենք ամրապնդել մեր գործընկերային կապերը և աջակցել տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։