«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Washington Post. «Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին»

Washington Post. «Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին»

Չնայած ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի հորդորին՝ Ադրբեջանը մինչև օրս հրաժարվում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքով գերեվարված հայերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Washington Post-ում հրապարակված հոդվածում գրել է հայտնի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը:

«ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ չնայած ավելի վաղ տեղի ունեցած գերիների փոխանակմանը՝ Ադրբեջանի կողմից դեռևս պահվում են 52 հայեր»,- նշել է Իգնատիուսը:

Նա ընդգծել է, որ Բաքվում պնդում են, թե նրանք պատերազմի մասնակիցներ չեն, այլ այդտեղ են եկել հրադադարից հետո՝ նոյեմբերի վերջին, և կասկածվում են ահաբեկիչ լինելու մեջ՝ մեղադրանք, որը հերքում է Հայաստանը:

«Եվրոպայի հարցով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիկերը գերիների հարցը բարձրացրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ փետրվարին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ՝ պահանջելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլատրեն այցելել բանտարկյալներին: ԿԽՄԿ-ին անհապաղ շնորհվել է թույլտվություն»,- գրել է հեղինակը:

Դեյվիդ Իգնատիուսը նշել է, որ ԱՄՆ պաշտոնյաները հաջորդ շաբաթների ընթացքում ևս հետևողականորեն հանդես են եկել գերեվարվածներին ազատ արձակելու կոչերով: Լրագրողը մեջբերել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերը, որտեղ նա ասում է. «Մենք հուսով ենք տեսնել, որ ավելի մեծ թվով ձերբակալվածներ ազատ կարձակվեն: Մենք չենք բանակցում, սակայն հորդորում ենք նրանց բարի կամք դրսևորել»:

Թեպետ շատերն ակնկալում էին, որ Ադրբեջանը կարող է հայ գերիներին ազատ արձակել Նովրուզի համաներումների շրջանակում, սակայն դա տեղի չունեցավ:

«Ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց կեղծ պնդումներն այն մասին, որ այս մարդիկ ոչ թե ռազմագերիներ են, այլ հանցագործներ, քանի որ ձերբակալվել են պատերազմից հետո»,- նշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը:

Նա ընդգծել է, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի կողմից հարաբերությունների կարգավորման կամ հաշտեցման ուղղությամբ որևէ իրական փորձ չի ձեռնարկվել: Դեսպանը կոչ է արել Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին, ներգրավվել գործընթացում:

Իգնատիուսը հիշեցրել է, որ հայ ռազմագերիներին ազատ արձակելու հորդորներին միացել են նաև ԱՄՆ կոնգրեսականներ: Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մարտի 16-ին ներկայացրել էր բանաձև, որով Ադրբեջանին կոչ էր արվում անհապաղ ազատ արձակել գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց:

Պատերազմից հետո հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ մարտի 19-ին զեկույց էր հրապարակել նաև միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հերքել էր զեկույցում տեղ գտած փաստերը՝ հավելելով միայն, որ նման մեղադրանքները պետք է ուսումնասիրվեն:

Իգնատիուսը նշել է, որ հայ գերիների հարցը զգացական տեսանկյունից նոր նշանակություն կստանա ապրիլի վերջին՝ կապված Հայոց ցեղասպանության տարելիցի հետ: Նա հիշեցրել է, որ օրերս հայտնի միջազգային մեկնաբան Յան Բրեմերը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, ասել էր, որ Բայդենը ապրիլի 24-ին ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:

Լրագրողը եզրակացրել է, որ այս տարվա ոգեկոչման և հիշատակի միջոցառումները հատկապես զգայուն են լինելու ղարաբաղյան պատերազմում Հայաստանի կրած պարտության և դրան հաջորդած տառապանքների հետևանքով: