«Խոսրով Հարությունյանը ստում է, անամոթաբար կեղծում մեր ոչ վաղ անցյալի հերոսական պատմությանը»
Նկատի ունենալով այս օրերին Հայաստանից դեպի Արցախ ուղարկվող հումանիտար օգնություն տանող բեռնատարների հարկադրական կանգը Հայաստանի սահմանին, «Հրապարակի» լրագրողը հիշեցնում է, թե նման մի իրավիճակում ինչ տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման տարիներին. «Ընդդիմությունը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, հավաքեց հումանիտար բեռ, մեքենաներ բարձեց եւ Երեւանից ավտոշարասյունով շարժվեց դեպի Ստեփանակերտ։ Անսպասելիորեն այդ շարասյունը գլխավորող «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանին միացավ Ֆադեյ Տաճատի Սարգսյանը՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահը... Սովետական 150 բեռնատար մեքենաները՝ խոյահարելով ադրբեջանցիների սարքած արգելքը, ճեղքեցին ու սլացան դեպի Ստեփանակերտ», ապա հարց է տալիս. «օրվա իշխանությունները եւ ընդդիմությունն ի վիճակի՞ են նման կամք դրսեւորել»։
Լրագրողը իր հիշած (ոչ այնքան ճիշտ ու լիարժեք) տեղեկությունները ճշգրտելու համար դիմել է նաեւ Խոսրով Հարությունյանին։ Վերջինիս պատասխանն, ահա, այսպիսին է.
«Ես հիշում եմ նման դեպք, կարծեմ՝ 1988 կամ 1989 թվականն էր, բայց ակնհայտ է, որ, պայմանավորված ղարաբաղյան շարժմամբ եւ երկու պետությունների միջեւ առաջացած լարվածությամբ, բեռնափոխադրումների առումով մենք ունեինք խնդիրներ։ Այն ժամանակ Լաչինի միջանցք, որպես այդպիսին, ինչպես մենք այսօր ենք ընկալում, ըստ էության, չկար։ Կար ճանապարհ, ընդ որում՝ շատ վատ վիճակում գտնվող ճանապարհ, որով կարելի էր Լաչինով հասնել Ստեփանակերտ։ Այո, այն ժամանակ կառավարության ղեկավարը՝ Ֆադեյ Սարգսյանը, սեփական նախաձեռնությամբ ձեւավորեց այդ բեռների անհրաժեշտ ծավալը եւ անձամբ ինքն իր ծառայողական մեքենայով ուղեկցում էր այդ շարասյունը։ Միացել է Վանո Սիրադեղյանը, թե ոչ, չեմ կարող ասել, բայց որ «Ղարաբաղ» կոմիտեն աջակցում էր այդ նախաձեռնությանը, դա փաստ է, սա եղել է» (ընդգծումն իմն է – Ա. Ս.)։
Խ. Հարությունյանը, այդ ժամանակ Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, կարող էր նաեւ տեղյակ չլինել այս դրվագի մանրամասներին։ Այդ դեպքում պետք է բարոյականություն ունենար եւ լրագրողին պատասխաներ, թե ինքը լավ չի տիրապետում նյութին։ Սակայն նա, իրեն քաջատեղյակ համարելով, շատ վստահ ասում է այն, ինչը ամբողջությամբ մեջբերեցինք։
Իսկ իրողությունները ճիշտ հակառակն են.
Տողերիս հեղինակը առիթ է ունեցել անդրադառնալ Ղարաբաղյան շարժման պատմության նաեւ այս դրվագին (տե՛ս Ա. Սարգսյան, Ղարաբաղյան շարժման պատմություն. 1988-1989, Երեւան, Անտարես, 2018, էջ 399, 452-454)։
Այստեղ ընթերցողի համար այն ներկայացնենք մի քիչ ավելի մանրամասն։
Նախ մեջբերումներում եղած «անմեղ» սխալների մասին.
Այն ժամանակ խնդիրը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղ ոչ թե հումանիտար օգնություն, այլ շինանյութ տանելուն։ Ավտոշարասյունը Արցախ հասավ ոչ թե Լաչինի ճանապարհով, այլ հարավով՝ Ֆիզուլիի շրջանով անցնող մի այլ ճանապարհով։ Մեքենաների քանակը ոչ թե 150 էր, այլ շուրջ 300։
Իսկ այժմ հիմնականի մասին.
Խոսրով Հարությունյանի խոսքից ենթադրելի է, թե Խորհրդային Հայաստանի իշխանությունն այդ տարիներին վճռականորեն կանգնած է եղել Լեռնային Ղարաբաղի թիկունքին, որի արտահայտություններից մեկն էլ ահա՝ այդ ժամանակվա կառավարության նախագահ Ֆադեյ Սարգսյանի «հերոսական» այս արարքն է։ Ըստ Խ. Հարությունյանի՝ նա՛ է կազմել այդ ավտոշարասյունը, անձա՛մբ ինքն է «իր ծառայողական մեքենայով» ուղեկցել այն, ճեղքել Լաչինում հարուցված արգելքները եւ բեռը հասցրել Լեռնային Ղարաբաղ։ Իսկ «Ղարաբաղ» կոմիտեից Վանո Սիրադեղյանը եղել է, թե չի եղել, որպես երկրորդական մի բան՝ չի հիշում, սակայն «մեծահոգաբար» ընդունում է, որ «Ղարաբաղ» կոմիտեն «աջակցում էր այդ նախաձեռնությանը»։ Ընդամենը աջակցում էր...
Իրողությունները, ավելի հասկանալի լինելու համար, ներկայացնենք մի քիչ ընդարձակ կոնտեքստում։
ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը Ղարաբաղյան շարժումը լռեցնելու համար 400 միլիոն ռուբլի էր հատկացրել մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար։ Գումարը, սակայն փոխանցվել էր ոչ թե Ստեփանակերտ, այլ Բաքու։ Վերջինս էլ այն օգտագործում էր ռազմավարական կարեւոր դիրքեր ունեցող ադրբեջանական բնակավայրերում մասնավորապես Շուշիի դիմաց՝ շուրջ 500 հեկտար տարածության վրա, Խոջալու եւ Մալիբեյլի գյուղերում բնակարանային լայն շինարարության համար՝ նպատակ ունենալով դրանցում մեսխեթցի թուրքեր եւ մահմեդական «փախստական» այլ բնակչություն տեղավորել։ Դրանով մի կողմից կփոփոխվեր մարզի ժողովրդագրությունը, մյուս կողմից՝ հզոր ադրբեջանական բնակավայրեր կձեւավորվեին Ստեփանակերտ-Ասկերան, Գորիս-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Մարտունի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա։
Եւ դա չափազանց մտահոգիչ էր։
Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղում որեւէ նման նախաձեռնություն չցուցաբերեցին, կամ՝ դրան հակադրելու որեւէ բան չունեին:
Փաստերի համեմատությունը առարկայորեն ցուցադրում է երկու հանրապետությունների իշխանությունների գործելակերպի տարբերությունը. Ադրբեջանը Խոջալուում երեք օրվա ընթացքում «փախստականների» համար կառուցեց 45 առանձնատուն, Հայաստանի իշխանությունները Սումգայիթից բռնագաղթվածների համար ամբողջ 8 ամսվա ընթացքում կառուցել էին այդպիսի ընդամենը 10 տնակ (ծթ. Այս ամենը նոյեմբերի 5-ի հանրահավաքում մանրամասն ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը նոր էր վերադարձել Լեռնային Ղարաբաղից (տե՛ս ՀՀԱՆԱ, 12/05.11.88):
Ադրբեջանական ապօրինի շինարարությանը հակադրվելու խնդիրը մնաց օրակարգում նաեւ 1989-ին։
Հայաստանի խորհրդային իշխանության այս անտարբերությունն ու անգործությունը այնքան ցայտուն է դրսեւորվել, որ Լեռնային Ղարաբաղը 1989թ. ապրիլի 22 ին «Հայկական ԽՍՀ մեր հայրենակիցներին» վերնագրով հատուկ մի ուղերձով դատապարտել է նման պահվածքը (համապատասխան փաստաթուղթը՝ ՀՀԱՆԱ, 08/22.04.89)։
Արցախյան շարժումը «Ղարաբաղ» կոմիտեի գլխավորությամբ ստիպված է եղել իր վրա վերցնել նաեւ այդ խնդրի լուծումը։ Նման փորձերն ամեն կերպ աշխատել են խոչընդոտել Ադրբեջանի իշխանությունները։ Այսպես՝ Ղարաբաղյան շարժման ջանքերով կազմված եւ Արցախ ուղեւորվող շինանյութերով բարձված մի ավտոշարասյուն 1989թ. հուլիսի 31-ին հարձակման էր ենթարկվել Լաչինում։ «Ղարաբաղ» կոմիտեի՝ Արցախ շինանյութ տեղափոխելու այսօրինակ նախաձեռնություններին, սակայն, ընդդիմանում ու ամեն կերպ խոչընդոտում էր նաեւ հենց Հայաստանի՛ խորհրդային իշխանությունը։
Արցախ շինանյութ տեղափոխելու ամենամեծ նախաձեռնությունը 1989թ. սեպտեմբերին էր, որը եւ Խոսրով Հարությունյանը վերագրում է Հայաստանի կառավարության նախագահ Ֆադեյ Սարգսյանին։ Իսկ իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է.
1989թ. սեպտեմբերի 7-ին Շարժման ջանքերով շինանյութերով բեռնված մի ավտոշարասյուն այդպես էլ Լեռնային Ղարաբաղ չհասավ։ Դա ավելի մեծացրեց շրջափակումը ճեղքելու եւ օգնությունը տեղ հասցնելու Շարժման վճռականությունը։
Դրանից հետո է, որ «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ եւ ՀՀՇ տեղական կառույցների ջանքերով կազմվել է Արցախ մեկնող ոչ թե մեկ, այլ երկու շարասյուն, որոնցից մեկը (հիմնականը) բաղկացած էր 300 բեռնատարներից (ոչ թե 150), մյուսը՝ քիչ ավելի փոքր էր։ Առաջինը Ստեփանակերտ պետք է հասներ Գորիսով, երկրորդը՝ Իջեւանով։ Շարասյուններից առաջինի պատասխանատուները «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանը եւ Վանո Սիրադեղյանն էին, երկրորդի պատասխանատուն եղել է նույն Կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը։
Մինչեւ Գորիսում հավաքվելը Հայաստանի իշխանությունների կողմից շարասյան մեքենաները Հայաստանի ՆԳ աշխատակիցների կողմից կանգնեցվել են նախ Երասխում, ապա Եղեգնաձորում։ Երկու դեպքում էլ Շարժման (ՀՀՇ-ի) հարյուրավոր ակտիվիստների ուժային ջանքերով խոչընդոտները հաղթահարվել են։
Ահա, Գորիսից դեպի Արցախ շարժվելու նախօրեին այստեղ է հասնում Հայաստանի կառավարության նախագահ Ֆադեյ Սարգսյանը եւ ամեն կերպ փորձում է համոզել ետ վերադառնալ։ Նրան դա չի հաջողվում։ Նա վերադառնում է Երեւան։ Շարասյունը շարժվում եւ անցնում Ադրբեջանի սահմանը ոչ թե Լաչինի ճանապարհով (այն արդեն փակել էին խորհրդային զորքերը), այլ հարավային, Ֆիզուլիով անցնող մի այլ՝ 2-3 անգամ ավելի երկար մի ճանապարհով։ Այստեղ էլ նրանց հետեւից կրկին հասնում է նույն Ֆադեյ Սարգսյանը՝ այս անգամ Հայաստանի ՆԳ նախարար Երինի հետ՝ ավտոշարասյունը ետ դարձնելու նույն պահանջով։ Շարասյանը ընդառաջ գալով այստեղ է հասնում նաեւ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի կումկուսի շրջկոմի առաջին քարտուղար Գրիշա Բաղյանը՝ հայտնելով, որ շատ կարեւոր է շարասյունը ԼՂ հասցնելը։ Ի հեճուկս Հայաստանի կառավարության նախագահի եւ ՆԳ նախարարի պահանջների, ավտոշարասյունը շարունակում է ճանապարհը, իսկ Ֆադեյ Սարգսյանը եւ նախարար Երինը ձեռնունայն վերադառնում են Երեւան։ Մի քանի արգելքներ հաղթահարելով, այն հասնում է Ստեփանակերտ։
Գորիսից շարժվելիս Բաբկեն Արարքցյանին են միանում «Ղարաբաղ» կոմիտեի եւս երկու անդամ՝ Վազգեն Մանուկյանը եւ Սամսոն Ղազարյանը։ Վանո Սիրադեղյանը իր նախաձեռնությամբ մնում է Գորիսում, այստեղ ադրբեջանցիներով մի ավտոբուսի ուղեւորների տեղափոխում Գորիսի հյուրանոց, նրանց պահում այնքան, մինչեւ ավտոշարասյունը հասնում է Ստեփանակերտ (հետագայում, երբ Կոմիտեն ձերբակալվում է, Վանո սիրադեղյանի վրա նաեւ «պատանդ վերցնելու» ծանր հոդված էր դրված)։
Հաջողությամբ տեղ է հասնում նաեւ Իջեւանով ուղեւորված ավտոշարասյունը։
Այսպիսով՝
- Արցախյան շարժման տարիներին ԼՂԻՄ հումանիտար, շինանյութերի, թե այլ որեւէ օգնություն ցուցադրելու բոլոր քայլերը արվել են «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ ու նրա գլխավորած Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) կառույցների ջանքերով։
- Այդպիսի քայլերին ամենակոշտ միջոցներով խոչընդոտել են ոչ միայն Ադրբեջանի իշխանությունները եւ Մոսկվան, այլ նաեւ Հայաստանի կոմունիստական իշխանությունները։
- 1989թ. սեպտեմբերին շինանյութերով կազմված երկու մեծ շարասյուները նույնպես կազմվել եւ Արցախ են հասել Շարժման ջանքերով, դրանցից մեկը՝ 300 բեռնատարներից բաղկացած ուղեկցել են «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Բաբկեն Արարքցյանը եւ Վանո Սիրադեղյանը, ապա նրանց են միացել նաեւ Վազգեն Մանուկյանը եւ Սամսոն Ղազարյանը։ Երկրորդ, ավելի փոքր ավտոշարասյունը ղեկավարել է նույն կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը։
- Դրան ամեն կերպ խոչընդոտել է Հայաստանի իշխանությունը, եւ այդ խոչընդոտները հարցուցելու կենտրոնական դեմքը եղել է կառավարության նախագահ Ֆադեյ Սարգսյանը։
***
Հնարավոր է, որ մարդ արարածը մոռանա տասնամյակներ առաջ կատարված իրադարձությունների մանրամասները, սակայն անհնար է, որ դրանք հիշի ամբողջությամբ գլխիվայր շուռ տրված վիճակում։ Դա հնարավոր է միայն կանխամտածված լինելու դեպքում։ Մանավանդ, որպես նույն իշխանության պետական պաշտոնյա, Խ. Հարությունյանն ինքն էլ կատարած պետք է լինի վերեւից իջած հանձնարարությունները։
Ուրեմն եւ՝ Խոսրով Հարությունյանը պարզապես ստում է, անամոթաբար կեղծում մեր ոչ վաղ անցյալի հերոսական պատմության այս դրվագը։
Աշոտ Սարգսյան