Այվազյան. Ադրբեջանի զինուժի ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ համակարգի համար

Պաշտոնական 19.05.2021   15:02   64

Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ի շարունակություն նախորդ օրը տեղի ունեցած քննարկումների՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրել է ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում պահելով ՀՀ սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով իրադրության լարումը: «Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար»,- նշել է նախարարի պաշտոնակատար Այվազյանը: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին հայտնել է, որ ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով՝ իրադրության մշտադիտարկման, տեղում իրադրության գնահատման և հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով, ամրագրված են նաև համապատասխան բազմակողմ առաքելության ձևավորման հարցերը: 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Այվազյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որևէ պարագայում չի կարող հանգեցնել հակամարտության լուծմանը․ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական հարթակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների միասնական ու համապարփակ իրագործման հիման վրա:

Նիստի օրակարգում են եղել տարածաշրջանային և միջազգային իրադրության և անդամ երկրների անվտանգության վրա վերջինիս ազդեցությանը, միջազգային կազմակերպությունների հետ անդամ երկրների փոխգործակցությանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանն առնչվող հարցեր։

Նիստի արդյունքում ԱԳ նախարարներն ընդունել և հավանության արժանացել տարբեր ուղղություններով ՀԱՊԿ անդամ պետությունների միջև համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Նախարարական նիստի մեկնարկից առաջ ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հանդիպում են ունեցել Տաջիկստանի նախագահ  Էմոմալի Ռահմոնի հետ։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արա Այվազյան, ՀԱՊԿ, Հայաստան, սահման

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon