«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Հասմիկ Պապյան. «Ցավոք, ուրվագծվում է հեղափոխության արագ բյուրոկրատացման վտանգը»

Հասմիկ Պապյան. «Ցավոք, ուրվագծվում է հեղափոխության արագ բյուրոկրատացման վտանգը»

«Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել... Առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության և անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ».Հրանտ Մաթևոսյան

«Ձեզ եմ դիմում պատկան մարմիններ՝ ի՞նչ անենք, ո՞ր լեզվով ձեզ բացատրենք, որ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ մշակութային կենտրոն-թանգարանի կառույցն ավարտին հասցնելը պետք է հանդիսանար առաջնահերթ Ձեր պատվի խնդիրը: Ցավոք, ուրվագծվում է հեղափոխության արագ բյուրոկրատացման վտանգը…»

Հասմիկ Պապյան


Ստորև ներկայացնում ենք «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանի բաց նամակը՝ ԿԳՄԵՍ նախարար Արայիկ Հարությունյանին.

ՀՀ ԿԳՄԵՍ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻՆ
30.10.19, Երևան

Հարգելի պարոն նախարար
Ի անդրադարձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 18.09.19-ին կայացած խորհրդակցության արձանագրած կետերի և ապահովելով իմ մասով դրանց կատարումը, սիրով տեղեկացնում եմ, որ իմ իսկ առաջարկով իմ հանձնառած Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն թանգարանի էսքիզ-նախագիծ-պրեզենտացիան պատրաստ է և ս/թ նոյեմբերի 16-ին դռնբաց քննարկմամբ կներկայացվի հանրությանը: Ժամի և վայրի մասին անպայման կիրազեկեք: Ձեզ և ՀՀ վարչապետի հանձնարարականի ներառած այլ պատկան պաշտոնյաների անպայման կհրավիրենք մասնակցելու շնորհանդեսին: Եթե հանրային պրեզենտացիայի վերոգրյալ օրն ու ժամը հարմար չեն լինի ՆԱԵՎ մասնագիտական քննարկում անցկացնելու համար, պիտի առաջարկեմ ս/թ 12.11.19 -15.11.19 18.11.19-22.11.19 տիրույթում ցանկացած օր, նախապես հարմարեցնելով և իրազեկելով միմյանց. էսքիզ-նախագծի (համա)հեղինակներից յուրաքանչյուրն ինքն է ներկայացնելու պատասխանատվության իր բաժինը և նրանք բոլորը միասին, կամ գոնե նրանց մեծ մասը այդ օրերին է գտնվելու Երևանում:

Տեղեկացնում եմ նաև, որ ՀՀ ԿԳՄԵՍ պատկան ստորաբաժանումները, տիկին Խաչատուրյանի գիտությամբ սիրով ինձ են տրամադրել նախարարության համակարգում ընդգրկված որոշ թանգարանների ֆինանսա-վիճակագրական տվյալները, այդպիսով օժանդակելով մեր թիմի աշխատանքին:

Ինչ վերաբերում է ՀՀ ԿԳՄԵՍ նախարարի տեղակալ Ն.Խաչատուրյանի մոտ 07.10.19-ին կայացած մի խորհրդակցությանը, որին ներկա էին մեր էսքիզ-նախագծի մի քանի համահեղինակ, ՀՀ կադաստրի և ՀՀ քաղշինկոմիտեի ներկայացուցիչները, և տիկնոջից ստացած երեք գրություններին, ցավում եմ, բայց դրանցում առկա է ՀՀ վարչապետի հանձնարարականների բացարձակ թյուրըմբռնում, որն իր հստակ ձևակերպումն էր ստացել նախօրեին «Առավոտ»-ի մի հարցմանը փոխնախարարի տված պատասխանով.
Այս պահին նախարարությունն ունի մի քանի այլընտրանք, սակայն Մշակութային կենտրոնի տեսլականի մասին մեր կարծիքը և հստակ առաջարկը կանենք, երբ հիմնադրամը պատշաճ ներկայացնի իր կողմից մշակված կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների պլան և գործնական ծրագիր (բիզնես պլան)՝ նպատակի, խնդիրների, գործողությունների հաջորդականության, պետությունից և այլ աղբյուրներից ֆինանսական ակնկալիքների, կենտրոնի շահագործումից հետո ակնկալվող արդյունքների մասին, հստակ դիրքորոշում հայտնի կենտրոնի կառավարման տեսլականի վերաբերյալ: Ինչպես ասում են` պատճառահետևանքային…
Մինչդեռ ՀՀ վարչապետի հանձնարարականն այդ չէ և այդ մասին չէ: Թերևս հենց այդ թյուրըմբռնման հանգույն մենք առայսօր ոչ ձեր նախարարությունից, ոչ Երևանի քաղաքապետարանից (քաղաքապետին դիմել ենք գրությամբ),հետևաբար նաև բոլոր մնացած պատկան մարմիններից չենք ստացել վարչապետի հանձնարարականում թվարկված կետերի վերաբերյալ որևէ նոր պաշտոնական տեղեկություն: Այսինքն, առայժմ սահմանափակվելով միայն ԿԳՄԵՍ նախարարությամբ, պիտի հիշեցնեմ, որ Հայաստանում մշակույթի համադրման և կառավարման լիազոր, գործադիր մարմինն եք, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն թանգարանի կառուցման որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է ՀՀՄՆ պատշաճ տեսլականով և հիմնավորմամբ: Մենք, որպես ժառանգորդներ, ռոյալթի իրավունքի իրավատերեր և գրողի ժառանգությամբ զբաղվող հիմնադրամ միայն ՊԱՏՇԱՃ օժանդակել ենք այդ հիմնավորումը ձևավորելուն: ՀՀ կառավարության այդ որոշումը ՀԻՄԱ ԷԼ ՈւԺԻ ՄԵՋ Է` թանգարանի կառուցումը շարունակվում է, չնայած կասեցրել եք, ուստի հիմնավորումն ու հայեցակարգն էլ ուժի մեջ են: Եթե դուք ցանկություն ունեք ուժը կորցրած ճանաչել այդ որոշումը և հայեցակարգ փոխել, պետք է կառավարության նոր որոշում:

Մեր հիմնադրամը, ես, բազմիցս պաշտոնապես դիմել ենք թե նախկին, թե հետհեղափոխական կառավարություններին` ձեզ, և ձեր նախարարությանը` պնդելով, որ օր առաջ կենտրոն թանգարանի ամբողջական հայեցակարգ մշակվի, որով ցուցադրության, տեխնիկական հագեցման, աշխատակազմի, կարգավիճակի և մնացած բոլոր հարցերը կպարզվեն` ձեր արխիվներում առկա է այդ գրագրությունը: Խնդրել ենք միայն, որ ռոյալթի և ժառանգորդի իրավունքի գերակայությամբ` մեզ ու մեր մատնանշած մասնագետներին ներառեն:

Բացարձակ անպատասխան անգործության պայմաններում ստիպված ինքներս ենք ստանձնել և առաջ տարել ամբողջը, կատարվել է հսկայածավալ աշխատանք չկամության, անհասկացողության, թշնամանքի գերակա մթնոլորտում: Արված գործի առհավատչյան այսօր կանգուն անավարտ շենքն է եղել (որը մենք մեր հաշվին ենք հիմա հոգում և պահպանում) և մեր կողմից ներկայացված բազմաթիվ գրությունները, հայեցակարգային դրույթներն ու տեղեկանքը: Հիմա էլ արդեն` պրեզենտացիան, որ հանրությանն ու ՀՀ կառավարությանն ենք հրամցնելու` պրոֆեսիոնալ մարդկանց թիմի աշխատանք:
Մեր նպատակը հանուն բարձր մշակույթի, գրականության, արձակի կոնսոլիդացիան է, համախմբումը` երբ գաղափարի շուրջ իմի են գալիս ընտրողն ու ընտրվածը, միավորն ու ամբողջը, մասնավորն ու կառավարությունը…` ազգը, պետությունը: Մինչդեռ դրա համար մի պարզ բան է պետք, որ հիմա պարզել ենք` շատերը չունեն` նույնիսկ անգետ ու չկամ լինելու դեպքում, գոնե պարկեշտորեն լռելու կարողության և կամք:

Հարգելի պարոն նախարար, առաջարկում եմ չեղարկել ՀԿԳՄԵՍ նախարարությունում ս/թ հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդակցությունը, քանի որ դրա նյութը ՀՀ վարչապետի հանձնարարականներին պատճաշող, պատկան բոլոր կողմերի և հատկապես նախարարության և քաղաքապետարանի բերած առաջարկներն ու հայեցակարգային դրույթները չեն լինելու, այլ ՄԻԱՅՆ մեզանից ակնկալվող այն ամենն, ինչ տիկին Խաչատուրյանը շարադրել է իր վերջին գրությամբ:
Մենք, ինչպես և խոստացա վերևում, այս գրության սկզբում նշված հանրային քննարկման ժամանակ, կամ գուցե նշված մյուս ժամկետներում էլ ներկայացնելու ենք մեր էսքիզ-հայեցակարգը` ՀՀ վարչապետի ակնկալած բոլոր կետերի վերաբերյալ մեր տեսակետով:

Սիրով դրան զուգահեռ ՀԿԳՄԵՍ նախարարության` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համակարգող և, կրկնում եմ, ՀՀ մշակույթի համակարգող և կառավարող լիազոր մարմնի խողովակներով, կամ անմիջականորեն մյուս գերատեսչություններից կստանանք և պատրաստ կլինենք քննարկել ձեր և նրանց նկատառումներն ու առաջարկները:

Կից ուղարկում եմ ՀԿԳՄԵՍ փոխնախարարից ստացած երեք գրությունների, քաղաքապետին ուղարած մեր մի գրության և ՀՀ վարչապետի մոտ խորհրդակցության արձանագրության օրինակները:

Հարգանքով` Դավիթ Մաթևոսյան
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն