«  Նոյեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ...». 1991-1996թթ.նոյեմբերի 11

Լևոն Տեր-Պետրոսյան. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ...». 1991-1996թթ.նոյեմբերի 11

Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն առաջին երդումը տվեց 1991 թվականի նոյեմբերի 11-ին` ձեռքը դնելով Մատենադարանի հնագույն ձեռագրի` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանի վրա: 

2-րդ անգամ Լևոն Տեր–Պետրոսյանը երդվեց 1996 թվականի նոյեմբերի 11–ին` ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Հայաստանն արդեն ուներ Սահմանադրություն, որի համաձայն Նախագահական երդումը պետք է տրվեր աջ ձեռքը Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա դրված։

ՀՀ նախագահի երդման երկրորդ արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում, Ազգային ժողովի շենքում:

Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի պաշտոնական երդումը.

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ.

  • սրբությամբ կատարել Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորի առաջնահերթ պարտականությունը.
  • գործել բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում.
  • առաջնորդվել ժողովրդավարության եւ համամարդկային արժեքների գերակայության գիտակցությամբ.
  • ջանք չխնայել երկրի խաղաղությունը, քաղաքական կայունությունը եւ քաղաքացիական համերաշխությունը ապահովելու ուղղությամբ.
  • մշտական հոգածության առարկա դարձնել ժողովրդի բարեկեցության բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման խնդիրները.
  • չկորցնել զգոնությունը, իրականության զգացողությունը, պատասխանատվության գիտակցությունը.
  • հեռու մնալ արկածախնդրությունից, անիրատես ծրագրերից ու շուտափույթ որոշումներից.
  • մերժել ծայրահեղականությունը, ամբոխավարությունը, ամբոխահաճությունը եւ սին խոստումները.
  • ժողովրդին զերծ պահել ահաբեկչության, թմրամոլության, ավազակության վտանգներից.
  • բարձրացնել ազգի բարոյական ոգին, ամրապնդել ու խորացնել նրա հավատը սեփական ուժերի նկատմամբ.
  • պետականությունը վեր դասել ազգային ու քաղաքական բոլոր գաղափարներից, գիտակցել պատասխանատվությունը համայն հայության առջեւ։

Այսքանն ի պաշտոնե, մնացյալը՝ զուտ մարդկային առումով.

  • որեւէ քայլով չարատավորել ազգի պատիվը, չդիպչել մարդու արժանապատվությանը.
  • հարգել այլակարծությունը, բայց նաեւ տեր կանգնել սեփական կարծիք ունենալու իրավունքին.
  • պահպանել լսելու եւ խորհրդակցելու ունակությունը.
  • չհավակնել դատավորի դերի, խուսափել անիմաստ բանավեճերից ու շատախոսությունից.
  • չընկրկել դժվարությունների առջեւ, չշփոթվել անորոշ կացություններում.
  • տուրք չտալ պատեհապաշտության եւ էժանագին քաղաքական շահադիտության.
  • մերժել՝ թե՛ ազգային սնապարծությունն ու գերազանցությունը, թե՛ օտարամոլությունն ու աշխարհաքաղաքացիությունը.
  • ատել բռնությունը, սպառնալիքը, սադրանքը, դավադրությունը.
  • չհանդուրժել սուտը, կեղծիքը, բամբասանքը, մատնությունը, զրպարտությունը, անօրենությունը.
  • արհամարհել պերճանքը, ընչասիրությունը, ցոփությունը.
  • վանել փառասիրությունը, գոռոզամտությունը, հոխորտանքը.
  • օտարել քծնանքը, շողոքորթությունը, երեսպաշտությունը.
  • ոչինչ չանել շնորհակալության, երախտագիտության կամ հատուցման ակնկալիքով»։

11 նոյեմբերի, 1996 թ.

Ամբողջական՝ տեսանյութում