Արցախի ղեկավարությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Հայաստանի ընդդիմության մասին. 1996թ.
1996 թ., Արցախի ղեկավարությունը աջակցում է Լևոն Տեր-Պետրոսյանին և քննադատում ընդդիմությանը
Հայաստանում 1996 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին, ԼՂ ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին.
Լեոնարդ Պետրոսյան (ԼՂ վարչապետ).
«Ես կարող եմ փաստել, որ Հայաստանի Հանրապատության իշխանություններն ամեն ինչ արել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացնելու համար` թե´ տնտեսապես, թե´ քաղաքական առումով: [...] Հայաստանը գտնվում է նախագահական ընտրությունների նախաշեմին և եթե ԼՂ ժողովուրդն այդ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենար, իր ձայնը կտար Լևոն Տեր-Պետրոսյանին»:
Արթուր Թովմասյան (ԼՂ ԱԺ նախագահ).
«Անժխտելի է այն փաստը, որ մեր հաջողությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության վարած ճկուն դիվանագիտությամբ և հավասարակշռված քաղաքականությամբ։ Եվ, ինչ խոսք, որ այդ դժվարին գործում մեծ է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դերը»:
Ռոբերտ Քոչարյան (ԼՂ նախագահ).
«Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանում ընտրություններ են: (Լևոն Տեր-Պետրոսյանը ընդհատում է` «Ասացինք` ագիտացիա չենք անում») Սա ագիտացիա չի, ես ուղղակի բոլոր ներկաների անունից, չեմ սխալվի` մեր ամբողջ ժողովրդի անունից, ցանկանում եմ, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթի այդ ընտրություններում» (ԼՂ ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ընթացքում):
Քոչարյանը` այլ առիթով.
«Ես կուզեի շեշտել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա ԼՂ-ում հասկանում են բոլորը, և ինձ թվում է, որ Հայաստանում և սփյուռքում նույնպես»:
Արդեն ընտրություններից հետո, երբ «Ազգային համաձայնության» անվան տակ միավորված ընդդիմության միասնական թեկնածու հանդիսացող Վազգեն Մանուկյանի կողմից հրահրվում են ԱԺ-ի հայտնի դեպքերը, ԼՂ ղեկավարությունը տարածում է հետևյալ հայտարարությունը.
«ԼՂՀ կառավարությունը վերջին օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հանրապետության անվտանգությանն ուղղված սպառնալիք և դավաճանություն ազգային շահերին: Ընտրությունների արդյունքներն ուժային մեթոդներով փոփոխության փորձերն անթույլատրելի են և պետք է խստորեն կանխվեն: ԼՂՀ ղեկավարությունը պաշտպանում է օրենքով ընտրված ՀՀ իշխանություններին և զգուշացնում անկարգությունների կազմակերպիչներին իրավիճակի ապակայունացման համար, ինչի հետևանքների համար նրանք պետք է պատասխանատվություն կրեն»:
ՀՀ նախագահ վերընտրվելու առթիվ, Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորական ուղերձ է հղում ԼՂ նախագահ Ռոբերտ Քոչարյանը.
«Ձերդ Գերազանցություն: Թույլ տվեք անձամբ իմ և Արցախի ողջ ժողովրդի անունից շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի նախագահ վերընտրվելու առիթով: Դա կարևոր իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և ողջ հայության համար: Ձեզ ցանկանում եմ երջանկություն և հաջողություններ: Խորին հարգանքով` Ռոբերտ Քոչարյան»:
Մեջբերումները` «Ազգ», «ՀՀ», արխիվային տեսանյութ, 1996թ.
Լուսանկարում` Սամվել Բաբայան, Վազգեն Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Լեոնարդ Պետրոսյան, Արթուր Թովմասյան: Ստեփանակերտ, 1996թ.: