«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ԱԱԾ. Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են

ԱԱԾ. Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են

Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ ԱԱԾ–ի կողմից բացահայտված երկու լրտեսները կալանավորված են։ Հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Ալազյանը։

«Ընդհանուր առմամբ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ԱԱԾ–ի կողմից իրականացվում են բոլոր օպերատիվ–հետախուզական միջոցառումները` նմանատիպ անձանց անմիջապես բացահայտելու, կանխարգելելու ու համապատասխան աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ»,– ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Նա նաև փաստեց, որ կալանավորված երկու անձանցից մեկին առաջադրվել է լրտեսության, մյուսին` դավաճանության մեղադրանք։

Հիշեցնենք` կալանավորված անձանցից մեկը, ով մեղադրվում է դավաճանության մեջ, ՀՀ ԶՈւ–ում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձ էր։ ԱԱԾ–ն բացահայտել էր, որ նա օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին է հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ։ Նա գտնվել է Վրաստանում և այնտեղ ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։

Նա նաև Հայաստանում պարբերաբար հանդիպումներ է ունեցել ՀՀ–ի և Արցախի սպայական կազմի ներկայացուցիչների հետ, իրականացվող կոնկրետ գործողությունների և այլնի վերաբերյալ լուրեր հավաքել, հետո մեկնել է Վրաստան ու դրանք փոխանցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին։

Երկրորդ անձը, ով մեղադրվում է լրտեսության մեջ, ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ է հավաքել, ըստ օպերատիվ տվյալների` հակառակորդին փոխանցելու համար։