ԱԱԾ-ն ձերբակալել է Ֆեյսբուքում ֆեյք էջի տակ թաքնված անձին
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել և ձերբակալել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք էջի տակ թաքնված անձին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ֆեյքերի հետ կապված հանձնարարությունը, որը ստացվել է վարչապետից, արդեն կատարվել է: Այսօր ձերբակալվել է մեկ անձ, որը «Ֆեյսբուք»-ում ակնհայտ ապատեղեկատվություն տարածող «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» շատ հայտնի էջի տակ թաքնված անձն է: Հարուցվել է քրեական գործ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով»,- ասաց Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը հորդորեց գործի հետ կապված այլ մանրամասները ճշտել Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից:
Կառավարության ապրիլի 4–ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ինչն դա ազգային անվտանգության խնդիր է: