«Ադրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում». մանրամասներ մոլորված ենթասպայից
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Այսօր արդեն հայտնի դարձավ զինծառայողի վերադարձի մասին։
24news.am-ի փոխանցմամբ զինծառայողի ասաց, որ երեկ մոլորվել էր ժամը 11։30-ի սահմաններում Գորիս համայնքի Ակներ (նախկին անվանում՝ Բռուն, Վերիշեն բնակավայրից անմիջապես հյուսիս-արևմուտք) բնակավայրի գլխին՝ «վիշկի» մոտ։
«Մառախուղ է եղել, հասել եմ իրենց պոստ, տեսա որ 4 հոգի մոտենում են մեքենային («Կամազ 114» մակնիշի բեռնատար), ֆռացի դուրս եկա վարորդի դռնով։ Մի դուռը բացել են, մյուս դռնով իջել-անցել եմ նրանց թիկունք։ Մեքենան թողել եմ N դիրքից մոտ 30 մետր ներքեւ։ Ամբողջ գիշեր լուսարձակ են գցել, մառախուղ է եղել, չեն կարողացել տեսնել ինձ։ Գիշերը պատսպարվել եմ ձորակի մեջ, առավոտ արդեն ադրբեջանական դրոնները պտտվում էին ձորակի վերևում։ Ձնով ծածկվեցի, որ չտեսնեն, հետո գնացին։ Դրոն առաջին անգամ ձորակի մոտ եկավ առավոտ 5-ին, հետո՝ 6-ին, հետո 7-ին 15 պակաս։ Չեն կարողացել ջոկել, ձնով ծածկված եմ եղել», 24news.am-ի փոխանցմամբ ասել է զինծառայողը»:
Նշենք՝ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն են դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Նշվում է, որ զինծառայողները գլխի շրջանում թեթև վնասվածքներ են ունեցել (ոչ հրազենային)։
Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնությունն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։
Միջադեպը ենթադրաբար կապված է ԶՈւ պայմանագրային զինծառայող, Խնձորեսկ գյուղի բնակիչ Մարտին Գյուլնաջարյանի երեկվա անհետացման հետ։ Տեղեկություններ էին տարածվել, թե նրան ադրբեջանցիներն առևանգել են։