Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են ՀՀ ԶՈւ զինծառայողին
Ադրբեջանցիները Սյունիքում մի բնակչի են առևանգել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։
«Այն, որ տարել են, դա հաստատ է, սակայն կոնկրետ նորություն չունենք, թե ինչ է կատարվում։ Այս պահին միայն տեղեկությունն այն է, որ այդ մարդուն տարել են»,–ասաց Աղաջանյանը։
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ մոլորվածը Խնձորեսկի բնակիչ է՝ մոտ 40 տարեկան։
Նրանց հավաստմամբ` նա ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է և այսօր առավոտյան «Ուրալ» մեքենայով հաց է տարել Սև լճի տարածքում գտնվող զինծառայողներին, սակայն մառախուղի պատճառով մոլորվել է և կորցրել հայկական դիրքեր տանող ճանապարհը։
Նշենք, որ առայժմ պաշտոնական տեղեկատվություն Պաշտպանության նախարարությունը չի հաղորդել:
Լրացված.
ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն մարտի 21-ին ժամը 12:20-ի սահմաններում, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում,նախնական տվյալներով՝ մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, մանրամասնելով, որ անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։