Արման Գրիգորյան. Որքանով է Հայաստանի վիճակը նպաստավոր չեզոքության քաղաքականություն վարելու համար (տեսանյութ)
Էս հարցազրույցում արված երկու պնդում ուզում եմ հատուկ շեշտել ու նաև մի երկու շտրիխ ավելացնել էդ պնդումներին։
Առաջին, ի՞նչ է նշանակում «արտաբլոկային կարգավիճակ», ու արդյո՞ք դա տարբերակ է Հայաստանի համար։ Նախ, խիստ հակահիգիենիկ եմ համարում, երբ մարդիկ անդադար նոր տերմիններ են մոգոնում հին կոնցեպտների համար։ Դա սովորաբար կամ ասելիք չունենալը պիժոնությամբ հակակշռելու կամ վատ մոտիվները քողարկելու համար է արվում։ Գոյություն ունի միանգամայն ճշգրիտ ու ընդունված եզրույթ` չեզոքություն։ Կարիք չկա դա նոր եզրույթով փոխարինելու, եթե էդ նոր եզրույթը որևէ նոր բովանդակություն չի ավելացնում խնդրո առարկա կոնցեպտին։ Այդքանը ոճի մասին։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, չեզոք կարող են լինել կամ երկրները, որոնց նկատմամբ որևէ լուրջ սպառնալիք չկա, երկրները, որոնք կարող են այդ սպառնալիքների դեմը սեփական ուժերով առնել առանց ինչ-որ դաշինքի մեջ մտնելու ու որպես դաշինքի անդամ ինչ-ինչ պարտավորություններ ստանձնելու, կամ էլ երկրները, որոնց չեզոքությունը երաշխավորվում է ինչ-որ արտաքին ուժի կողմից։ Օրինակ, Բելգիայի չեզոքությունը երաշխավորվել էր Միացյալ Թագավորության կողմից, որը Ֆրանս-պրուսական պատերազմից հետո պարտավորություն ստանձնեց պաշտպանելու Բելգիան թե՛ Գերմանիայից, թե՛ Ֆրանսիայից, եթե Բելգիան այդ երկրներից որևէ մեկի կողմից հարձակման ենթարկվեր։ Սա էր, որ հնարավոր էր դարձնում Բելգիայի չեզոքությունը, ոչ թե Բելգիայի որոշումը, որ ինքը չեզոք է լինելու։ Հարավսլավիայի դեպքում ամերիկացիք գիտեին, որ Հարավսլավիան դաշնակից չի դառնալու, բայց նրանց համար արդեն մեծ ձեռքբերում էր, որ Հարավսլավիան որոշել էր սովետական գերիշխանությանը դիմադրել, ու նրանք երաշխավորեցին Հարավսլավիայի չեզոքությունը, եթե նույնիսկ դա ոչ ֆորմալ երաշխիք էր։ Այսինքն` այս պարագայում Հարավսլավիայի որոշումն ավելի մեծ նշանակություն ուներ, քան դա Բելգիայի դեպքում էր, բայց դա հնարավոր էր որոշակի գործոնների զուգադիպության պատճառով։ Հարավսլավիան նաև բավականին ուժեղ երկիր էր, որևէ ագրեսորի համար շատ դժվար տեղանքով, հետևաբար, նրանք իրենց չեզոքությունը պաշտպանելու շատ ավելի մեծ հնարավորություն ունեին նույնիսկ առանց արտաքին երաշխավորների, ինչը նաև ճիշտ է Շվեյցարիայի դեպքում։ Հիմա ինքներդ որոշեք, թե Հայաստանի վիճակը որքանով է նման այդ երկրների վիճակին, ու որքանով է այդ վիճակը նպաստավոր չեզոքության քաղաքականություն վարելու համար։
Երկրորդ կարևոր թեման, որի վրա հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել ու որի մասին խոսել ենք հարցազրույցի ընթացքում, դա այն առասպելն է, որ ՔՊ-ն երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքականությունը որդեգրել է ստիպված, որ դա ռուսների կողմից լքվելու ու նրանց կողմից ոչ բարեկամական վերաբերմունքի արժանանալու անխուսափելի հետևանքն էր։ Խոսեցինք այն մասին, որ Արմեն Գրիգորյանի հոդվածը հստակորեն ցույց է տալիս այդ առասպելի սնանկ լինելը։ Ես կարծում եմ, որ էդ առասպելի կարևորությունը ՔՊ-ական դիսկուրսի մեջ հնարավոր չի գերագնահատել։ Հետևաբար, հնարավոր չի գերագնահատել նաև Արմեն Գրիգորյանի արած բացահայտման կարևորությունը։
Մի քանի ուրիշ բան էլ ենք քննարկել, բայց էս երկու խնդրի վրա ուզում էի հատուկ ուշադրություն հրավիրել»։
Տեսանյութ՝ Նարեկ Գալստյանի հարցազրույցը Արման Գրիգորյանի հետ.


