Ադրբեջանը հող է նախապատրաստում հնարավոր նոր սադրանքների համար
Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները նման կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ահաբեկչական և էթնիկ զտման քաղաքականությունից, ինչպես նաև հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար։ Այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ մեկնաբանությունում՝ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության վերաբերյալ:
«Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։
Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք:
Ադրբեջանի իշխանությունները նման ապատեղեկատվություն էին տարածում նաև Հայաստանից Արցախ այսպես կոչված ականների տեղափոխման մասին, սակայն փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բարձր մակարդակով մերժեց այդ կեղծիքը։
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները նման կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ահաբեկչական և էթնիկ զտման քաղաքականությունից, ինչպես նաև հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար», նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք՝ մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանն ու լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում: