Ադրբեջանը կիրառում է «Bayraktar TB-2»-ներ, ունենք 2 զոհ․ ՊԲ
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:
Այս մասին հաղորդում է ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:
Ժամը 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:
Երեկ՝ մարտի 24-ին, օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Բնակիչների անվտանգության համար տարհանվել են Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները:
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։
Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն, գիշերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայկական կողմից վիրավորվել է 2 զինծառայող, ադրբեջանական կողմը 5 զոհ ունի։