Ադրբեջանի ԶՈւ-ն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը (տեսանյութ)
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:
Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:
Լրացված.
Խրամորթում այս րոպեին շատ լուրջ իրավիճակ է: Այս մասին հայտնում է համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը:
Լրացված.
«...Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է», հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Լրացված.
Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր:
Արցախի տեղեկատվական շտաբ