Անահիտ Օհանյան. Դուք իսկապես վախենալու պատճառ ունեք
Ընդդիմադիր ուժերի համախմբումը և հատկապես ՀԱԿ-ի մասնակցությունը դիպել են քպ-ի ամենացավոտ տեղին և նրանք այլևս չեն կարողանում թաքցնել իրենց խուճապն ու հիստերիան բոլոր խողովակներով լծվելով ՀԱԿ-ին թիրախավորելուն ու «սկզբունքներին դավաճանելու» մեջ մեղադրելուն։
Եվ ո՞վ է փորձում մեզ մեղադրել սկզբունքներին դավաճանելու մեջ. մի իշխանությու՞ն, որի խղճին հազարավոր զոհեր են, կորսված հայրենիք ու ծնկի բերված պետականություն։
Լավ հիշեք և ձեր ականջներին մեծ օղ արեք, ՀԱԿ-ը երկիր կործանածների, պետությունը սակարկության հանածների ու հայրենիքը գորգի պես թշնամու ոտքերի տակ փռածների առաջ ոչ արդարանալու բան ունի, ոչ էլ բացատրություն տալու կարիք։ Դուք զրոյական իրավունք ունեք որևէ մեկից հաշիվ պահանջելու կամ «սկզբունքներ» քարոզելու։
Մեզ համար հայրենիքը փրկության ենթակա արժեք է, ձեզ համար թշնամուն զիջելու մանրադրամ։
Ծիծաղելի եք. մի կողմից ինքնահավան հայտարարում եք, թե «1 տոկոսանոց» ուժ է, մյուս կողմից 100 տոկոսանոց մղկտում ու սարսափում եք հենց ՀԱԿ-ի յուրաքանչյուր քայլից։
Իսկ եթե ձեր այդքան վստահ հայտարարած «1 տոկոսը» ձեզ այսքան անհանգստացնում է, ուրեմն խնդիրը ոչ թե ՀԱԿ-ի տոկոսն է, այլ այն, թե ինչ կարող է անել նույնիսկ այդ մեկ տոկոսը, երբ նրա թիկունքում կանգնած են պետական մտածողությունը, անբեկանելի փորձն ու պետության կործանումը թույլ չտալու կամքը։ Իսկ դրանից դուք իսկապես վախենալու պատճառ ունեք։


