«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

ԱՀ պետնախարար. Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին

ԱՀ պետնախարար. Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին

Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչությամբԱրցախի Հանրապետության 146 օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 117 օր է, Ադրբեջանը խափանում է միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը՝ իրականացնելով էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն, հավելյալ դժվարություններ ու տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին:

Ինչպես մինչ այդ, այդպես էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանել, իսկ մարտի 22-ից արդեն վերջնականապես արգելափակել է նաև Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը, ինչը ևս հանգեցրել է հումանիտար և տնտեսական լրջագույն խնդիրների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ներքին արտադրության անխուսափելի աճի և էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնվածության:

Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը՝ բաղկացած 6 հիդրոէլեկտրակայանից, որոնցից միայն Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին բաժին է ընկնում ընդհանուր հզորության շուրջ 70 տոկոսը: Քանի որ նախքան Ադրբեջանի կողմից էլեկտրամատակարարման խափանումը Արցախի ներքին արտադրանքը բավարարում էր պահանջարկի շուրջ 30 տոկոսը, ապա հունվարի 9-ից բնակչության նվազագույն էներգետիկ պահանջարկը բավարարելու նպատակով Արցախի կառավարությունը ստիպված է եղել կիրառել մի շարք լրացուցիչ միջոցներ, ներառյալ՝ բոլոր հիմնական տնտեսական ձեռնարկությունների գործունեության դադարեցում, էլեկտրաէներգիայի ամենօրյա հովհարային անջատումներ, գործող բոլոր ՀԷԿ-երի առավելագույն հզորությամբ շահագործում և այլն:

Արդյունքում, ի հայտ են եկել ոչ միայն մի շարք հումանիտար և կենցաղային դժվարություններ, այլև լուրջ բնապահպանական խնդիրներ՝ կապված Սարսանգի ջրամբարի պաշարների սրընթաց սպառման հետ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվարի 9-ից առ այսօր, էլեկտրաէներգիայի նվազագույն ծավալի արտադրությունն ապահովելու նպատակով Սարսանգի ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ: Այժմ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 մլն մ³ (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 մլն մ³:

Այս իրավիճակը ոչ միայն ռիսկի տակ է դնում Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հեռանկարը և խորացնում մարդկանց տառապանքները, այլև՝ արդեն հանգեցրել է շրջակա միջավայրի վրա բացասական մեծ ազդեցության, այդ թվում՝ աղբյուրների չորացման, միկրոկլիմայի վատթարացման, բուսական և կենդանական տեսակների անկման և այլն: Իրավիճակի անհապաղ չկարգավորումն ու Արցախի բնականոն էլեկտրամատակարարման չվերականգնումն անխուսափելիորեն կարճ ժամկետում կհանգեցնի վերոնշյալ էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական հիմնախնդիրների կտրուկ սրման և, վերջիվերջո, հումանիտար աղետի:

Հատկանշական է, որ Սարսանգի ջրամբարի ջուրը անկախության ողջ ժամանակաշրջանում, ի տարբերություն խորհրդային տարիների, կիրառվել է բացառապես Ադրբեջանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (շուրջ 96,000 հեկտար) ոռոգման նպատակով, քանի որ Ադրբեջանը միշտ արգելափակած է պահել Արցախի հողատարածքները ոռոգող ջրանցքը: Այնուամենայնիվ, միտումնավոր ու հանցավոր կերպով խափանելով ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարումը, արհեստական էներգետիկ ճգնաժամ հրահրելով և ստիպելով արցախյան կողմին ակտիվորեն օգտագործել Սարսանգի խիստ սահմանափակ ջրային պաշարները՝ Ադրբեջանն, ըստ էության, Արցախի ժողովրդին էներգետիկ, տնտեսական և բնապահպանական ահաբեկչության ենթարկելուց բացի, զրկում է նաև սեփական ժողովրդին ամառվա շոգ ամիսներին Սարսանգի ջրամբարից բավարար ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից: Փաստորեն, նաև նշված հանցավոր նպատակների համար էին Ադրբեջանի կառավարության՝ քաղաքացիական հագուստով գործակալները կամ «էկո-ահաբեկիչները», իբր, այդքան եռանդուն պայքարում՝ շրջափակման մեջ պահելով Արցախի ժողովրդին։

Կանգնած լինելով Սարսանգի ջրային պաշարների ու Արցախի էներգաարտադրության ներքին հնարավորությունների սպառման և հումանիտար աղետի մոտալուտ վտանգի առջև՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը, համապատասխան միջազգային կառույցներին, երկրների կառավարություններին և Արցախի ժողովրդի իրավունքներով ու անվտանգությամբ իսկապես մտահոգ բոլոր անձանց, չանտեսել էներգետիկ, հումանիտար, բնապահպանական և տնտեսական այս աղետալի իրավիճակը և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել նման միջնադարյան, ահաբեկչական ու դաժան պահվածքից թե՛ մարդկանց, և թե՛ շրջակա միջավայրի նկատմամբ:

Կից՝ Սարսանգի ջրամբարի արբանյակային լուսանկարները՝ 2023 թ. հունվարի 1-ի և ապրիլի 28-ի դրությամբ՝ ծովի մակարդակից համապատասխանաբար 705.8 և 671.5 մետր բարձրությամբ մակերևույթով:

ԱՀ պետնախարար  Գուրգեն Ներսիսյան