Ալեն Սիմոնյանը փոխել է իր կարծիքը Գևորգ Կոստանյանի մասին
Երեկ՝ փետրվարի 7-ին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք հայտարարություններ է արել նախկին գլխավոր դատախազ և ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանի մասին, որոնք հակասում են նախկինում նրա հնչեցրած կարծիքին,գրում է fip.am-ը:
Սիմոնյանը, նախ, կարծիք է հայտնել, որ լավ կլինի, որ Կոստանյանը «ինչ-որ մի տեղ իր ծառայությունները մատուցի մեր երկրին», ապա նույն օրը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել՝ այդ հայտարարությունը պարզաբանելու համար։
Սիմոնյանը, ըստ այդմ, Կոստանյանին անվանելէ «լավ իրավաբան» և պնդել, թե Կոստանյանը «քաղաքական առումով ներկայացրել է այլ թիմ, և ժամանակին պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում՝ որպես ժողովրդի կողմից ընտրված թեկնածու»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ինքը Կոստանյանի այդ քայլը բարձր է գնահատում։
Սիմոնյանի այս հայտարարությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ Կոստանյանը և՛ մայիսի 1-ին, և՛ մայիսի 8-ին դեմ է քվեարկել Փաշինյանի թեկնածությանը, երբ նա հանդես էր գալիս որպես «ժողովրդի թեկնածու»։ Այդ ժամանակ Կոստանյանը Փաշինյանի մասին հայտարարել էր, որ չնայած վերջինիս հանդեպ անձնական հարգանք է տածում, նրա մեջ չի տեսնում երկիրը ղեկավարելու պատասխանատվություն։
Հետագայում արդեն՝ հոկտեմբերի 8-ին, Կոստանյանը հանդես եկավ Փաշինյանին աջակցող հայտարարությամբ։ Նա հավելեց, որ Փաշինյանը ազնիվ է իր նպատակների և ցանկությունների մեջ, և որ ինքը միշտ կկանգնի Փաշինյանի կողքին։
Ուղիղ եթերի ժամանակ Սիմոնյանը նաև պնդել է, որ եթե Կոստանյանը կարող է մեր երկրին օգուտ տալ, ապա չպետք է խորշել նրա օգնությանը դիմելուց։ Այնինչ, մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, ԱԺ-ում քննարկումների ժամանակ Սիմոնյանը հարցականի տակ էր դրել Կոստանյանի իրավական գիտելիքները։ «Օրենք գոյություն ունի, տենց լավ իրավաբաններ եք, բա մի հատ էս նայեիք, հասկանայիք, որ անհնար ա, որ հիմա օրենք եք ուզում խախտեք»,- Կոստանյանին դիմելով՝ ասել էր Սիմոնյանը ԱԺ-ում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսման հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին քննարկումների ժամանակ,հիշեցնում է fip.am-ը:
Հովհաննես Նազարեթյան