Ալիևը կրկին խոսել է բանակցային ձևաչափի «փոփոխության» մասին
Նովրուզի առիթով ժողովրդին հղած ուղերձում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխության անթույլատրելիության մասին», գրում է Interfax.az-ը:
«Հայկական կողմը բանակցությունների ձևաչափի փոփոխության հարց է բարձրացրել: Ադրբեջանը, բնականաբար, չի կարող ընդունել դա: ԵԱՀԿ Մինակի խմբի համանախագահ երկրների դեսպանները նույնպես նշել են, որ ձևաչափը պետք է անփոփոխ մնա»,- ասել է Ալիևը:
Նա խոսել է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան հակամարտության կարգավորման անհրաժեշտությանօ մասին:
Հիշեցնենք, մարտի 19-ին հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկով հայկական կողմը ոչ թե բանակցային ձևաչափը փոխելու, այլ վերականգնելու առաջարկ է անում։
Վարչապետը ներկայացրել է բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերից մի քանի փաստ։