ԱՄՆ դեսպան. 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից է
Միացյալ Նահանգներն այս պատմական իրողությունը չի ժխտում, այսօր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Այսօր մենք հիշատակի և հարգանքի տուրք ենք մատուցում։ Միացյալ Նահանգներում իմ հաստատման լսումների ժամանակ ես նշել եմ և նորից կնշեմ, որ Միացյալ Նահանգներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում, և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, դա 20-րդ դարի խոշորագույն վատթարագույն վայրագություններից մեկն է: Եվ մեզ շարունակում է ոգևորել տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ», — ասաց Լին Թրեյսին։
Ավելի քան կես միլիոն հայազգի բնակչություն ունեցող և հայկական երկրորդ ամենամեծ գաղթօջախը համարվող Ամերիկայի 50 նահանգներից 49-ը՝ բացի Միսիսիպիից, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։