«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

ԱՄՆ-ն և Ֆրանսիան արձագանքել են Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրմանը

ԱՄՆ-ն և Ֆրանսիան արձագանքել են Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրմանը

Լուսանկարում՝ Հակարի կամրջի մոտ տեղադրված ադրբեջանական անցակետն է

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատմանն ուղղված ջանքերը: ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` արձագանքելով Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրման մասին լուրին։

«Մենք կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ու առևտրի ազատ և անարգել տեղաշարժ։ Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,– ասված է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրմանը. «Ֆրանսիան ցավում է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ է ստեղծել։ Այն հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին։

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները՝ կիրառել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։Այն կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»։

ՀՀ ԱԳՆ-ն  անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու քայլը և կոչ է արել Ռուսաստանին քայլեր ձեռնարկել։
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,-շեշտում են ՀՀ ԱԳՆ-ից:

Արցախի Անվտանգության խորհուրդն էլ դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

Հիշեցնենք` ադրբեջանական կողմը երեկ՝ ապրիլի 23-ին, փակել է Հակարի գետի կամուրջը, և այդ հատվածում հսկիչ անցագրային կետ տեղադրելով փաստացի կտրել է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։