«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Ադրբեջանը փակել է նաև Հակարի գետի կամուրջը

Ադրբեջանը փակել է նաև Հակարի գետի կամուրջը

Ադրբեջանական կողմն այսօր փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի գետի կամուրջը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` նշելով, որ կամուրջը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցքում»:

«Արցախի Հանրապետության իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես տեղեկացնում են շտաբից, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Քննարկվելու են վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների համապատասխան անելիքները։

Նշենք, որ Հակարիի կամրջով կապ էր ապահովվում Հայաստանի և Արցախի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի միջև։ Փաստացի հիմա փակվեց Արցախին և Հայաստանին կապող նաև այս ճանապարհը։

Ավելի վաղ հրապարակել էինք ԱՀ ԱԳՆ հայտարարությունը, որում նշվում է, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախի դեմ հերթական սադրանքների համար:

Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 25-ին, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Նրանք փակել էն Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Հիշեցնենք նաև` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը  փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Արցախում սննդի, դեղորայքի խիստ պակաս կա:

Լրացված.
Արցախում Հակարի գետի կամրջի մոտ ադրբեջանական կողմն անցակետ է տեղադրել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացված են այս մասին: