Ադրբեջանի ԶՈւ-ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Հաղորդագրությունում ասվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»):
Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։
Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 25-ին, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Հիշեցնենք նաև` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Արցախում սննդի, դեղորայքի խիստ պակաս կա: