Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախի դեմ հերթական սադրանքների համար
Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հատարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ արձագանքելով Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությանը:
«Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել:
Վերոնշյալ հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը. այն է՝ հող նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար», ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարությունում:
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի դիմումը՝ հայտարարելով, որ «թարմ ականների» մասին պնդումների վերաբերյալ բավարար ապացույցներ չկան: Այս մասին Telegram-ի և իր ալիքում և Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Արցախը մի քանի անգամ առաջարկել/հրավիրել է միջազգային անկախ փաստահավաք առաքելություններ՝ տեղում անվտանգության եւ հումանիտար իրավիճակը հետաքննելու համար, այդ թվում՝ հակահետեւակային ականների վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունների պատճառով։ Սակայն Ադրբեջանը բացահայտորեն արգելափակում է ցանկացած միջազգային առաքելության տեղափոխման հնարավորությունը։ Ի՞նչ եզրակացություն կարող է անել օբյեկտիվ մարդը այս փաստերի հիման վրա»,-գրել է նա։