Արտակ Բեգլարյանը՝ ադրբեջանական վերջին սադրիչ պնդումների մասին
Ադրբեջանական մեղադրանքներից ու պնդումներից զգացվում է, որ նրանք փորձում են լրացուցիչ պատրվակներ ձևավորել նոր սադրանքների ու ագրեսիաների համար: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված հատվածում իրենց երեք զինվորի՝ ականի պայթյունից վիրավորվելու մասին՝ անհիմն կերպով մեղադրելով հայկական կողմին դիտավորյալ սադրանքի մեջ: Մի քանի դիտարկում այդ առումով՝
1. Քանի որ այդ հատվածը գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, ապա անտրամաբանական է պնդել, որ դրանք թարմ և դիտավորյալ դրված ականներ են: Տեսադիտարկման ադրբեջանական համակարգերի պայմաններում ինչպե՞ս է հնարավոր իրենց թիկունքում թարմ ականներ տեղադրել...
2. Այդ հատվածում մարտեր են եղել և՛ 1990-ական, և՛ 2020թթ. Պատերազմների ժամանակ, և հնարավոր չէ ասել, թե ում կողմից դրված ականներ են այնտեղ: Ավելին, երբ այդ տարածքը մեր վերահսկողության տակ էր, ժամանակին այդտեղ մեր մի հովիվ էլ էր պայթել ականի վրա: Ուստի, չեմ էլ բացառում, որ դրանք ժամանակին հենց ադրբեջանցիների կողմից դրված ականներ են եղել:
3. Քանի որ Ադրբեջանը երբևէ չի համագործակցել Արցախի և Հայաստանի հետ և չի տրամադրել որևէ ականադաշտի քարտեզ, ինչպես նաև միշտ խոչընդոտել է Արցախում ականազերծման միջազգային ջանքերին, այդ պատճառով մենք չենք կարողացել ժամանակին բավարար չափով ականազերծել բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ այդ հատվածը:
4. Ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե դա Արցախի տարածքի խորքում է, իսկ բոլոր ճանապարհներն էլ արգելափակված Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է, որ Հայաստանից ցանկացած մուտք բացառված է արդեն ամիսներ շարունակ:
5. Ադրբեջանական մեղադրանքներից ու պնդումներից զգացվում է, որ նրանք փորձում են լրացուցիչ պատրվակներ ձևավորել նոր սադրանքների ու ագրեսիաների համար, այնինչ արցախյան կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և միշտ պատրաստ է քննարկել ու կարգավորել երկուստեք մտահոգող բոլոր հարցերը, այդ թվում՝ շրջափակման վերացումը և երկկողմանի ականազերծման հարցերը», գրել է Բեգլարյանը:
Նշենք՝ Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարություն է արել այն մասին, թե իբր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա:
Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել: Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր նաև, թե «կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
Ադրբեջանի սադրիչ ու կեղծ մեղադրանքների վերաբերյալ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել: