«  Սեպտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Արամ Աբրահամյան. «Հոգեզավակի» թեման հուզիչ է, բայց՝ ոչ ռելեվանտ. «Առավոտ»

Արամ Աբրահամյան. «Հոգեզավակի» թեման հուզիչ է, բայց՝ ոչ ռելեվանտ. «Առավոտ»

Մեծագույն հաճույքով լսեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում Պետերբուրգից ժամանած հրաշալի գիտնական Ալեքսանդր Խոսրոեւի զեկույցը՝ Քրիստոսի համբարձման տարեթվի մասին:

Լրագրող գործընկերներս, սակայն, ինձ իջեցրին մեր ոչ այնքան հաճելի իրականություն  եւ դրդում էին առաջին նախագահին, որ նա խոսի Փաշինյանի մասին: Լրագրողների վարքը նորմալ է, ես էլ այդպես կվարվեի. 1-ին դարի իրադարձությունները եւ դրանց արտացոլումը տարբեր տեքստերում հետաքրքրում է ընթերցողների 0.01 տոկոսին (ինձ էլ՝ նրանց հետ միասին), իսկ 99.99 տոկոսին հետաքրքրում է, թե ով ում ինչ «քաղաքական ապտակ» տվեց, իսկ ավելի շատ այն, թե ինչպես է «քաղաքական ապտակ» ստացածը, ներողություն արտահայտությանս, «աբառոտկա ֆռացել»:

Այդ շրջանակներում ընթերցողների համար ամենահետաքրքիրը, թերեւս, ոչ թե ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբեր ծրագրերն են եւ 2019 թվականի ծրագրի վերաբերյալ ՔՊ-ականների ստերը, այլ «հոգեզավակի» թեման: Մարդկանց ամենուր ու միշտ ավելի հետաքրքիր է ոչ թե այն, թե ինչպես են լուծվել կամ լուծվում պետության խնդիրները, այլ՝ զուտ անձնական հարաբերությունները: Տվյալ դեպքում՝ այս թեման ունի երկու տեսանկյուն. 1/ որպես մեղադրանք Փաշինյանին՝ նա քեզ մարդ սարքեց, իսկ դու նրան փնովում ես, 2/ որպես մեղադրանք Տեր-Պետրոսյանին՝ էս ո՞ւմ էիր քո շուրջը հավաքել, քո կադրն է, ինչի՞ց ես բողոքում:

Որպես լրագրողական նյութ դա, կրկնեմ, հետաքրքիր է եւ նույնիսկ հուզիչ, բայց որպես քաղաքական վերլուծություն, իմ կարծիքով՝ ռելեվանտ չէ, որովհետեւ քաղաքականության մեջ մարդկանց ճանապարհները խաչվում են եւ բաժանվում են, «հոգեզավակության» մասին այստեղ խոսք չի կարող լինել: Մանավանդ այս պարագայում, երբ առկա է կրթության, դաստիարակության եւ ինտելեկտի խորը անդունդը:

Ուրիշ հարց, որ այսօր Փաշինյանը, որպես վարչապետ, այնպիսի բաներ է ասում Հայաստանի Հանրապետության անցած ուղու մասին, որոնք, իմ կարծիքով, բացարձակապես համատեղելի չեն նրա պաշտոնի հետ: Եթե նա համաձայն է Ալիեւի հետ եւ իսկապես կարծում է, որ Հայաստանը, Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, «օկուպացրել» էր հարեւան երկիրը, ապա 2018-ին, ստանձնելով վարչապետի պաշտոնը, նա պետք է դրա մասին հայտարարեր եւ վերջ դներ «օկուպացիային», ոչ թե մի քանի անգամ այցելեր «օկուպացված գոտի», Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այնտեղ շփվեր մեր զինվորների հետ եւ բոցաշունչ ճառեր արտասաներ:

Բայց դա անձնական հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առավոտ