Արարատ Միրզոյանի ելույթը Վաշինգտոնի Ատլանտյան խորհուրդում (տեսանյութ)
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 15-ին Atlantic Council կենտրոնում հանդես է եկել ելույթով՝ նվիրված Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին եւ զարգացման հեռանկարներին: Ելույթից հետո ներկա ԱՄՆ պետական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ ծավալվել է շահագրգիռ քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստանում սպասվող դատական համակարգի բարեփոխումների, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման եւ այլ հարցերի շուրջ:
Օրվա ընթացքում Ազգային ժողովի խոսնակը National Endowment for Democracy կազմակերպության կառավարող խորհրդի հետ քննարկել է քաղհասարակությանը եւ մեդիային աջակցության տրամադրման հարցը:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանն Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինտիտուտի փոխնախագահ Սքոթ Մեսքիթին: Կողմերը քննարկել են Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի օրակարգը:
Օրվա ավարտին Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ մտքեր փոխանակել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների եւ խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը «Ատլանտյան խորհուրդ» հաստատությունում:
«Շատ հետաքրքիր և բուռն քննարկում ունեցանք Վաշինգտոնի հայտնի վերլուծական կենտրոններից մեկում՝ Ատլանտյան խորհրդում։ Ամերիկյան գործընկերներին տեղեկացրեցի, որ մեր տնտեսությունը վնասներ է կրում Իրանի դեմ պատժամիջոցներից և որ մենք չենք կարող հրաժարվել Իրանից գազ գնելուց։ Խոսեցինք նաև Հայաստանի ներքին ու արտաքին օրակարգերի այլ կարևոր հարցերից՝ Արցախյան հինախնդրից մինչև դատաիրավական բարեփոխումներ», ֆեյսբուքյան իր էջում գրել է Միրզոյանը: