Լևոն Զուրաբյան. Ալիևի պահանջը կատարելու պատրվակով՝ ավելի մեծ իշխանություն սուպերվարչապետին
Ալիևի պահանջը կատարելու պատրվակով՝ ավելի մեծ իշխանություն սուպերվարչապետին
Տեքստը կարդացինք, ուսումնասիրեցինք։ Ահա առաջին արձագանքը։
Ինչպես և կանխատեսում էինք, «հանուն խաղաղության» Ալիևի պահանջներն իրականացնելու հետ մեկտեղ Փաշինյանը «ձեռի հետ» որոշել է էլ ավելի անսասան դարձնել իր կամայական անձնական իշխանության ինստիտուցիոնալ և սահմանադրական հիմքերը։
Այս նախագծով Փաշինյանը ոչ միայն պահպանում է սուպերվարչապետական համակարգի հիմքը, այլև ընդլայնում է վարչապետի անձնական լիազորությունները։ Մասնավորապես՝ ընդլայնվում են վարչապետի ռազմական լիազորությունները և թուլացվում են դատական անկախության կարևոր երաշխիքները։
Դատարանների նկատմամբ քաղաքական ազդեցությունն աճում է։ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասը անդամներին ընտրելու է Ազգային ժողովը։ Այսօր նրանցից հինգին ընտրում են հենց դատավորները։ Գործող առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորները դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, իսկ նրանց պաշտոնում մնալը կախված է լինելու վերագնահատումից։ Վերագնահատող հանձնաժողովի բոլոր անդամներին ընտրելու է ԱԺ-ի պարզ մեծամասնությունը (58-րդ և 85-րդ հոդվածներ)։
Վարչապետի ձեռքում ավելի մեծ ուժ է կենտրոնացվում նաև երկրի ներսում։ Նա գերագույն հրամանատար է դառնում նաև խաղաղ ժամանակ։ Անհետաձգելի դեպքում նա կարող է որոշում կայացնել երկրի ներսում զինված ուժերի կիրառման մասին՝ առանց պաշտպանության նախարարի առաջարկի։ Կառավարությունը կարող է վերացնել այդ որոշումն արդեն դրա կայացումից հետո (57-րդ հոդված)։
Այսպիսով, առաջարկված Սահմանադրությունն ուղղված է երկու խնդրի լուծմանը։
1. Կատարել Անկախության հռչակագրին հղումը հանելու Ալիևի պահանջը։
2. Փլուզել դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները՝ վարչապետին դարձնելով բռնապետ։
Իրականում այս ամենը շատ տրամաբանական է։ Ազգային պետությունը քանդող ղեկավարը պետք է ունենա դիկտատորական լիազորություններ։
Գործող Սահմանադրության հետ համեմատությունը ցույց է տալիս մի քանի կոնկրետ հետընթաց։
1. Սահմանափակվում է ընտրելու իրավունքը։ Եթե վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես չես բնակվել Հայաստանում, չես կարող մասնակցել համապետական ընտրության կամ հանրաքվեի (հոդված 20)։
2. Թույլատրվում է քաղաքացիությունից զրկել։ Այսօր Սահմանադրությունն արգելում է դա։ Նախագիծը թույլ է տալիս դատարանի որոշմամբ քաղաքացիությունից զրկել՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար (հոդված 24)։
3. Ազատությունից զրկելու հիմքերի ցանկը հանվում է Սահմանադրությունից։ Այսօր այդ հիմքերը թվարկված են հենց Սահմանադրությամբ։ Նախագիծը դրանց սահմանումը թողնում է օրենքին (հոդվածներ 20 և 23)։
4. Քրեական գործով պաշտպանության մի շարք երաշխիքներ այլևս առանձին չեն ամրագրվում։ Խոսքը սեփական ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու, պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ ունենալու, վկաներին հարցաքննելու և անվճար թարգմանիչ ունենալու մասին է (հոդված 20)։
5. Թուլանում է պաշտպանությունը վարչական կամայականությունից։ Նախագծում առանձին չեն ամրագրվում քաղաքացու՝ իր գործի փաստաթղթերին ծանոթանալու և իր իրավունքներին միջամտող որոշումից առաջ լսվելու իրավունքները (հոդված 20)։
Փաշինյանն այսօր ներկայացրեց նոր Սահմանադրություն նախագիծը։ Այն ներկայացված է առանձին կայքում։


