Արցախում գազամատակարարումը կրկին դադարեցվել է
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից, փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասընթացը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը։
«Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում»,–ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։