Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այդ փաստով հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է, որ խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Մեկ օրում 0,4 հա տարածք է մաքրվել։
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2507,7 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և ապամոնտաժվել է 26762 պայթուցիկ առարկա։
Խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ տեղեկագրում ռազմական գերատեսչությունը հավելել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։
Նշենք՝ Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը երեկ մասնակի վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը»,-նշված է հաղորդագրության մեջ։