«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արման Գալոյան. Իրավիճակն առավել քան լուրջ է

Արման Գալոյան. Իրավիճակն առավել քան լուրջ է

Եւ ուրեմն, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելն ու նրան ազատ արձակելը սարսափելի վտանգավոր հետեւանքներ է ունենալու, ընդ որում, երկարաժամկետ կտրվածքով: 

Այստեղ խնդիրը միայն Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Քոչարյանին ազատ արձակելու փաստը չէ: 
Ի վերջո, ամբաստանյալն ազատ արձակվեց ընդամենը խափանման միջոցի փոփոխության հետեւանքով: Սա նշանակում է, որ դատավարությունը դեռ առջեւում է, եւ դեռ նրա նկատմամբ դատավճիռ է լինելու: Խափանման միջոցը պատիժ չէ, պատիժը նշանակվելու է դատավճռով: Ու հաշվի առնելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, արդեն պարզ է՝ դատավճիռը լինելու է շատ խիստ:

Այնպես որ, Քոչարյանը ՛՛երկար տարիներ անց է կացնելու բանտերում եւ բավարար ժամանակ է ունենալու` մտորելու եւ վերլուծության ենթարկելու անցած ճանապարհը եւ գործած սխալները՛՛ (այս հատվածը ամբաստանյալի՝ 11 տարի առաջ հնչեցրած խոսքերն են՝ այն ժամանակ հարթակում կանգնած ընդդիմադիրների հասցերին): Այնպես որ, սպասենք մարտի 1-ի գործով դատավարության բուն ընթացքին:

Խնդիրն այլ է, թե ինչպես, ինչի հիման վրա Քոչարյանն ազատ արձակվեց: Նրա խափանման միջոցը փոխվեց ԼՂՀ ներկա ու նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ, երբ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձամբ եկան դատարան, պնդելու իրենց միջնորդությունը:

Ու հիմա Քոչարյանի ազատ արձակումից հետո կրկին ականատես ենք լինում վտանգավոր երեւույթի՝ հայաստանցի-ղարաբաղցի բաժանմանը: Իրականում այդ պառակտումը հասարակության մեջ վաղուց կար, հենց նույն Քոչարյանի (իսկ ավելի ճիշտ Ղարաբաղյան կլանի) պաշտոնավարման առաջին իսկ տարիներից: Բայց վերջին մեկ տարում՝ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այդ թեման կարծես մոռացվել էր: Թվում էր՝ եթե ոչ առհավետ, ապա շատ-շատ երկար ժամանակով:
Այնինչ այսօր հասարակական տրամադրությունները կրկին բորբոքվել են: Ցավոք, իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ այդ բաժանումն առաջիկայում կարող է էլ ավելի խորանալ՝ մարտի 1-ի գործով դատավարության ընթացքին զուգահեռ, երբ հրապարակվեն բացահայտված բոլոր փաստերը, ապացույցները, ցուցմունքները:

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս տարիներին Ռոբերտ Քոչարյանն իր ճանապարհը հարթել է երբեւէ խտրականություն չդնելով մեթոդների մեջ: Քոչարյանն իր նպատակներին հասնելու համար (սովորաբար նրա գերնպատակը եղել է իշխանության ղեկին տիրանալը, իսկ դրանից հետո այդ իշխանությունն ամեն գնով պահպանելը) արել է ամեն ինչ, դիմել ցանկացած քայլի, վտանգելով անգամ Ղարաբաղը, Ղարաբաղի անվտանգությունը:

Ասվածի ապացույցը 1998թ. ներպալատական հեղաշրջումն էր, երբ ԼՂ խնդիրն օգտագործվեց որպես պատրվակ, իսկ հետո Արցախը դուրս մղվեց բանակցային ֆորմատից:

Ասվածի ապացույցը 2008թ. մարտիմեկյան ոճրագործությունն էր, երբ փերտվարի 23-ին Քոչարյանի հայտնի խորհրդակցությունից հետո արձակված 0038 հույժ գաղտնի հրամանի հիման վրա ԼՂ-ից Երեւան զորք բերվեց՝ ներքաղաքական խնդիրներին միջամտելու համար: Ընդ որում, Երեւան զորք բերվել էր նաեւ դիրքերից, այդպես թուլացնելով ոչ միայն Հայաստանի, այլեւ Ղարաբաղի սահմանների պաշտպանվածությունը, անվտանգությունը (դրա հետեւանքով էր, որ 2008թ. մարտի 3-ին ադրբեջանցիները ԼՂ սահմանին դիվերսիոն ներթափանցման փորձ արեցին, կարճ ժամանակով գրավելով մեր դիրքերը):
Այնպես որ, բնական է՝ Ռ.Քոչարյանն ինչպես 2008թ. մարտիմեկյան իրադարձություններում՝ իշխանությունն իրավահաջորդին փոխանցելից (կարճ ժամանակ անց վերադառնալու ծրագրով), այնպես էլ այս անգամ հանուն իր ազատության (թեկուզ եւ ժամանակավոր), պետք է փորձեր ներքաշել Ղարաբաղը, ԼՂ նախկին ու ներկա ղեկավարներին ստիպելով միջամտել Հայաստանի ներքին գործերին:

Բայց եթե ամբաստանյալի պահվածքն այս դեպքում հասկանալի է, ապա նույնը չես կարող ասել ԼՂ գործող նախագահ Բակո Սահակյանի պարագայում: 

Իհարկե մարդկայնորեն Բակո Սահակյանի արարքը հասկանալի է. որպես մասնավոր անձ միգուցե եւ պարտավոր էր հնարավորության սահմաններում աջակցել ընկերոջը: Բայց Բակո Սահակյանը որքան էլ դատարանում ներկայանա որպես մասնավոր անձ, այնուամենայնիվ ԼՂՀ գործող նախագահն է (թեկուզ եւ հաջորդ տարի լքելու է պաշտոնը):
Իսկ ԼՂՀ նախագահը չպետք է տրվեր Քոչարյանի սադրանքին: Իր քայլերն անելիս ԼՂՀ նախագահը պարտավոր էր առաջնորդվել առաջին հերթին սեփական երկրի շահերով ու զերծ մնալ սեփական երկրին վնասող քայլերից: 

Ի վերջո, ով-ով, բայց Բակո Սահակյանը եւս լավ գիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին: (Իզուր չէ, որ Քոչարյանը նրան հորդորում էր մնալ իր գործով դատավարության նաեւ դռնփակ նիստին): Բակո Սահակյանը գիտի, որ Քոչարյանի՝ 2008թ. փետրվարի 23-ի խորհրդակցությունից հետո արձակված 0038 հույժ գաղտնի հրամանի հիման վրա ոչ միայն ՀՀ-ից, այլեւ Ղարաբաղից զորք է բերվել Երեւան՝ ներքաղաքական իրադարձություններին միջամտելու նպատակով: Եթե փորձի անտեղյակ ձեւանալ, կա (կարծեմ արդեն հրապարակվել է) այն ժամանակվա ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի՝ գեներալ Մոսիի ցուցունքը, որ ինքը Հայաստան զորք ուղարկելու մասին տեղյակ է պահել անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Բակո Սահակյանը գիտի, որ արդեն բացահայտվել են մի շարք փաստեր, օրինակ՝ ԼՂՀ-ից բերված զորքի մի մասը կազմավորվել է հատուկ չափանիշներով՝ լինեին բացառապես տեղաբնակներ: Սահակյանը երեւի արդեն գիտի, որ գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԼՂՀ-ից բերված զինվորականները՝ Մուրադ Աբրահամյանի եւ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ տեղակայվել են Լեո եւ Պարոնյան փողոցներում, եւ այդ համահավաք գումարտակը գործողություններ է կատարել՝ ինքնաձիգերից մարտական փամփուշտներով անկանոն կրակոցներ արձակել: Բացահայտվել են Հաքիմը, Կանդազը, Ցուլը…. շարքը չթվարկեմ:

Ու հիմա դատավարության ընթացքում այս բոլոր փաստերի, ցուցմունքների հրապարակումը, ինքներդ եք հասկանում, հատկապես Քոչարյանի ազատ արձակման համար ԼՂՀ նախագահի միջնորդությունունից հետո, չի կարող անհետեւանք մնալ եւ հասարական տրամադրությունները չգրգռել: Այս ամենը չի կարող եւս մեկ ավելորդ անգամ հայաստանցի-ղարաբաղցի բաժանման, շահարկումների թեմա չդառնալ:
Ընդ որում եթե մինչեւ Քոչարյանի համար ԼՂՀ նախագահի միջնորդությունը ներկայացնելը հույս կար, որ հնարավոր է այնուամենայնիվ, այս բացահայտումներից հետո մեղմել հասարակական տրամադրությունները, ապա հիմա այլեւս դա գրեթե անհնար է: Բակո Սահակյանն իր քայլով էլ ավելի սրեց իրավիճակն ու էլ ավելի գրգռեց այդ տրամադրությունները: Բակո Սահակյանի քայլն ընկալվում է որպես միջամտություն մեր երկրի ներքին գործերին, այն էլ՝ հանուն մի անձնավորության, որի նկատմամբ մեղմ ասած ատելություն կա եւ որը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Ի դեպ, այս բոլոր փաստերը հիմք էին, որպեսզի դատարանը մերժեր Քոչարյանին հենց Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակումը, որովհետեւ դեռ չգիտես՝ ինչ ազդեցություն կարող է նույն Քոչարյանը գործադրել մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննված եթե ոչ ՀՀ, ապա առնվազն ԼՂՀ ՊԲ նախկին ու ներկա հրամանատարների վրա:

Համաձայնվեք, իրավիճակն առավել քան լուրջ է: Իսկ ելքը մեկն է՝ օր առաջ փոխել Քոչարյանի խափանման միջոցն ու նրան կրկին կալանավորել: Այդ է պահանջում ստեղծված իրավիճակը, այդ է պահանջում ՀՀ եւ ԼՂՀ պետական շահը:

Արման Գալոյան