«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Արմեն Եղիազարյան. Ինչո՞ւ է Փոլա Ուայթ-Քեյնը հայտնվում Հայաստանում և հանդիպում Փաշինյանին

Արմեն Եղիազարյան. Ինչո՞ւ է Փոլա Ուայթ-Քեյնը հայտնվում Հայաստանում և հանդիպում Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի (Faith Office) ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին, որը Հայաստան է ժամանել  Հայաստանի աղոթքի նախաճաշին  մասնակցելու նպատակով (Armenia Prayer Breakfast)։

Առաջին հայացքից սա կարող է ներկայացվել որպես սովորական կրոնական-դիվանագիտական այց։ Սակայն այցի ժամանակը և հյուրի կրոնական գործունեությունը լուրջ հարցեր են առաջացնում։

Փոլա Ուայթ-Քեյնը Հայ Առաքելական կամ որևէ այլ առաքելական ավանդական եկեղեցու ներկայացուցիչ չէ։ Նա ամերիկյան խարիզմատիկ/հիսունական միջավայրից եկող հեռուստաքարոզիչ է, որը հայտնի է այսպես կոչված «prosperity gospel»՝ «բարեկեցության ավետարանի» քարոզչությամբ և կապվել է New Apostolic Reformation շարժման հետ։ Նրա ուսմունքները վիճահարույց են նույնիսկ ԱՄՆ-ի ավետարանական քրիստոնեական շրջանակներում։

Այստեղ հարցը որևէ մեկի կրոնական ազատությունը սահմանափակելը չէ։ Հարցն այն է, թե ինչու է նման կրոնական ուղղության ազդեցիկ ներկայացուցիչը հենց հիմա հայտնվում Հայաստանում և հանդիպում Նիկոլ Փաշինյանին։

Այս այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ( Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin ) միջև հակամարտությունը հասել է աննախադեպ մակարդակի։ Հոգևորականների նկատմամբ քրեական գործեր և կալանավորումներ են եղել, իսկ իշխանությունը բացահայտ խոսում է Եկեղեցու կառավարման փոփոխության, օրենսդրական միջամտության և գործող Կաթողիկոսի հեռացման անհրաժեշտության մասին։

Եվ հենց այս իրավիճակում Փաշինյանը հանդիպում է ամերիկյան ոչ ավանդական քրիստոնեական շարժման ազդեցիկ քարոզչի հետ ու խոսում «ընդհանուր քրիստոնեական ժառանգության և արժեքների» մասին։

Ուստի հասարակությունը լիարժեք իրավունք ունի հարցնելու.
Ի՞նչ նպատակ ունի այս համագործակցությունը։ Ինչո՞ւ հենց հիմա։ Եվ արդյո՞ք այն որևէ կերպ առնչվում է Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու դերի ու կարգավիճակի շուրջ իշխանության վարած քաղաքականությանը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես հերթական կրոնական կազմակերպություն չէ։ Այն դարերով եղել է հայ ժողովրդի ինքնության, մշակույթի և պատմական շարունակականության առանցքային հաստատություններից մեկը։

Հետևաբար, երբ պետություն–Եկեղեցի հարաբերություններում այսպիսի խոր ճգնաժամ կա, իշխանությունը պարտավոր է հստակ պատասխանել՝ ինչ օրակարգով է համագործակցում White House Faith Office-ի և Փոլա Ուայթ-Քեյնի հետ, և արդյոք այդ համագործակցությունը որևէ կերպ վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին ու կառավարմանը

Արմեն Եղիազարյան


Հիշեցնենք  միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամի այսօրվա գրառումը. «Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան...»