Արթուր Դավթյան. Քոչարյանի կալանավորման հիմքերն առկա են
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչ հիմքերով է Ռոբերտ Քոչարյանը շարունակում մնալ կալանքի տակ, եթե քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։
«Մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, հատկապես` շեշտադրել ենք հնարավոր ապօրինի ներգործությունը, որը ևս դատարանի կողմից հաստատվել է։ Այդ հիմքը կիրառելի է և գործում է ոչ միայն նախաքննության, այլև դատաքննության փուլում։ Որովհետև որքանով, որ հնարավոր է վկայի վրա ներգործել նախաքննության փոլում, այդքանով հնարավոր է ներգործել նաև դատաքննության փուլում։
Սրանք ենթադրություններ չեն, այլ կանխատեսելի հիմնավորումներ, որոնք բխում են ինչպես ՀՀ օրենսդրությունից, այնպես էլ միջազգային փորձից ու ՄԻԵԴ նախադեպային որոշումներից»,- լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Դավթյանը։
«Մարտի 1»-ի գործի շրջանակներում «Յոթի» գործի վերաբերյալ 2009 թվականին դատախազների 6 հոգանոց դատախազական խումբը որոշում էր կայացրել 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ 2009 թվականին 300.1 հոդվածով մեղադրանքը (սահմանադրական կարգը տապալելը) նոր հանցակազմ է պարունակում և վատթարացնող է, ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Դավթյանn ասաց, որ առիթի դեպքում որոշումը կհանրայնացվի և որ դրա մեջ չկա որևէ մեկնաբանություն, թե ինչու է խստացնող։
«Չկա որևէ մեկնաբանություն, չկա որևէ բացատրություն, թե ինչու է դա դիտարկվել որպես խստացնող։ Երկրորդ՝ իրավական մեկնաբանությունն էնպիսի աքսիոմա չէ, որ երբևէ փոփոխության ենթակա չէ»,- ընդգծեց նա։