«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Աշոտ Մելիքյան. Անընդունելի է լսարանին խաբելը, թե իբր անկախ լրատվամիջոց ես

Աշոտ Մելիքյան. Անընդունելի է լսարանին խաբելը, թե իբր անկախ լրատվամիջոց ես

«5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն անցած շաբաթ օրը «Երկիր մեդիա» ՀԸ եթերում ինձ մեղադրեց «սուտ ասելու» մեջ՝ արձագանքելով հաղորդավարի՝ իմ մեկ այլ լրատվամիջոցին տված մեկնաբանությունից մեջբերմանն առ այն, որ շատ լրատվամիջոցներ արդեն գործում են որպես քարոզչամիջոց՝ ֆինանսավորվելով քաղաքական ուժերից և կատարելով քաղաքական պատվեր։ Ես հաստատ կարհամարհեի այդ մեղադրանքը, թեև առնվազն անպարկեշտ է բանավեճին չմասնակցող և տվյալ պահին պատասխանելու հնարավորություն չունեցող մարդու հասցեին վարկաբեկող խոսքեր ասելը։ Կարհամարհեի, եթե հետո Հարությունը չփորձեր թյուրիմացության մեջ գցել լսարանին՝ պնդելով, թե իրենք անկախ ԶԼՄ են։ Հայտնի մի գործիչ, որի գովքը Հարությունը ապահովում էր «Հ1»-ում աշխատելիս, երևի բացականչեր. «Իյա, իրո՞ք»…

Իսկ եթե լուրջ, ապա նախ շեշտեմ. հաղորդավարի մեջբերած իմ մեկնաբանությունում որևէ ԶԼՄ-ի անուն չի հիշատակվում։ Ինչու՞ Հարությունն իր ալիքի վրա վերցրեց։ Ինչպես նման դեպքերում ռուսներն են ասում, «на воре шапка горит»?:)

Իսկ ինչ է, նորությո՞ւն է, որ հանրային ընկալմամբ «5-րդ ալիք»-ը քոչարյանական է։ Ես էլ եմ այդպես կարծում, և հիմքեր ունեմ դրա համար։ Նախ՝ «Արարատը» գնելուց անմիջապես հետո մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան առ այն, որ ալիքի իրական (ոչ՝ ձևական) տերը Քոչարյանն է, և դա որևէ հերքում չունեցավ։ Բայց ամենակարևորը բովանդակությունն է, ինչը որևէ կասկած չի թողնում այդպիսի ընկալման համար։ Իսկ այդ ալիքի հեռարձակած «Քոչարյանական ժամանակներ» և «Գործ № Մարտի 1» խայտառակ ֆիլմերը եթեր չէր տա ոչ մի իրեն հարգող հեռուստաընկերություն:

 Հիմա որքան էլ պնդեն, որ վարկեր են վերցնում և ֆինանսապես անկախ են, դրանք անպտուղ փորձեր են լինելու, և ոչ ոք չի հավատալու։ Չէ, վարկեր, հնարավոր է, որ վերցնում են, հարցն այն է՝ ով է այն փակելու։ Չէ՞ որ ես էլ, Հարությունն էլ գիտենք, որ «5-րդ ալիքը» եկամուտով չի աշխատում և չի էլ կարող աշխատել հայաստանյան մեդիա դաշտում։ Բոլոր ծախսերը կհոգա նա, ով քաղաքական նպատակներ է հետապնդում։ 

Հարությունն իր խոսքում մեկ ասում էր, որ իմ կարծիքը նրա համար ոչ մի նշանակություն չունի (թեպետ նրան կարող եմ հիշեցնել, թե երբ է իմ կարծիքը հարցրել), մեկ էլ առաջարկում էր գնալ իրենց մոտ և ծանոթանալ ֆինանսական փաստաթղթերին։ Դրանով ես չէ, որ պետք է զբաղվեմ։ Ես ընդամենը մասնակցելու եմ այն օրենսդրական առաջարկների մշակմանը, որով ԶԼՄ-ների սեփականության թափանցիկության պահանջ է դրվելու։ Ի վերջո, այս կամ այն անձի սեփականություն լինելը, նրա ֆինանսավորումից օգտվելը և նույնիսկ նրա քաղաքական շահերն սպասարկելն ու քարոզ անելն ինքնին դատապարտելի չեն։

Անընդունելի է լսարանին մոլորեցնելն ու խաբելը, թե իբր անկախ լրատվամիջոց ես։

Աշոտ Մելիքյան