Աշոտ Փաշինյան. «Ճիշտը կալանքն է». Պատերազմում զոհվածի մայրը կրկին կալանավորվեց
Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանն այսօր դատարանում հայտարարեց` ինքը դեմ է, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի խափանման միջոցը` տնային կալանքը, փոխարինվի ազատությամբ։
«Այս գործով նույնիսկ տնային կալանքը կարող է շատ ավելի մեղմ համարվել, և ճիշտը կալանքն է»,– հայտարարեց Աշոտ Փաշինյանը։
Վարչապետի որդու այս հայտարարությունից հետո դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց կրկին կալանավորել Գայանե Հակոբյանին:
«Կալանքի ժամկետը կսահմանվի 1 ամիս 15 օր։ Կալանքի ժամկետը կհաշվարկվի հունիսի 9–ից»,– հայտարարեց Շահվերդյանը։
«Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենամեծ ցավը, որը երբեք ոչ մի մոր չեմ ցանկանա՝ նույնիսկ Աշոտի մորը»,- դատարանի դահլիճում իր հերթին հայտարարեց Գայանե Հակոբյանը: Նրա խոսքով Եռաբլուրը սրբավայր է. «Պետք չէ վախենալ Եռաբլուրից, որովհետև այն սրբավայր է, աղոթատեղի։ Իսկ առևանգում ու նման բաների համար մարդիկ համապատասխան տեղ են տանում ու ավելի լավ են պատրաստվում։ Ես ուղղակի հանդիպել եմ Աշոտին, միգուցե էմոցիոնալ է եղել, դեմ չեմ, որովհետև այս թեման է։ Բայց իմացեք, որ ես երբևիցե չեմ ցանկանա ոչ մի մոր նման բան, երբևէ չեմ ցանկանա, ինձ թույլ չեմ տա։ Եթե ոմանք մոռանում են՝ ինչ եմ տվել այս երկրին, իմ հոգեվիճակն ինչպիսին է, ես ուղղակի ինձ թույլ չէի տա զուտ բարոյական տեսանկյունից»։
Նշենք, Աշոտ Փաշինյանը և մեղադրող դատախազը դատարանի դահլիճ մուտք գործեցին և դուրս եկան այն դռնից, որով մտավ ու դուրս եկավ դատավորը:
Գայանե Հակոբյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը։ Նրանց խոսքով՝ դատարանի նկատմամբ ճնշում է կիրառվում իշխանության ամենավերին մակարդակով։
Վերաքննիչն ավելի վաղ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նշանակելով տնային կալանք։
Գայանե Հակոբյանը մեղքը չի ընդունում։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրել էր, որ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փորձել են առևանգել Ն. Փաինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Մինչդեռ ծնողները նշում են որ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձ չի եղել։